Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլատրված ներխուժում

Օգոստոս 25,2016 23:03

Արդեն պարզ է եւ համատարած համոզում, որ Ճարաբլոսը ԻՊ-ի ուժերից ազատագրելը գլխավոր նպատակ հայտարարած Անկարան միայն այդ նպատակը իրականացնելու համար չէ, որ համարձակվել է ներխուժել Սիրիա: Թեեւ միջազգային լրատվությունը թուրքական ներխուժման շարժառիթները բացատրելու համար շեշտերը դրեց ԻՊ-ի չեզոքացման գործողության վրա, այսուհանդերձ Էրդողանը ի՜նքը չէր թաքցրել շարժառիթների համատեղումը, հստակեցնելով, որ ներխուժումը կշղթայազերծվի, ԻՊ-ի եւ քրդական ժողովրդի պաշտպանության ջոկատները չեզոքացնելու համար:

Շարժառիթների այս համատեղումը բացատրում է թուրքական քայլի համարձակությունը, ավելի ճիշտ՝ ներխուժման համաձայնվածությունը: Ընդ որում, ոչ միայն մերձեցման գործընթացում գտնվող Մոսկվայի հետ միայն:

Այսպես. մի քայլ առաջ, երկու քայլ հետ կամ գուցե նույնիսկ մի քայլ առաջ, մի քայլ հետ ընդհանուր մարտավարական մոտեցումը համակողմանիորեն կիրառվում է Սիրիայում: Վաշինգտոնը մի կողմից զգուշացնում է բոլորին, որ Հասաքեի կռիվներին չհարվածեն միջազգային դաշինքի ուժերին ու այդ շրջածիրում նաեւ քրդերին. շարունակում է աջակցել ինքնավար Քուրդիստանի ստեղծման համար կայացող նախադրյալներին, չի թույլատրում Սիրիայի կառավարական ուժերին հատել սիրիական Քուրդիստանի օդային տարածքը, մյուս կողմից Անկարա մեկնած փոխնախագահի միջոցով Սիրիայի քրդական ուժերին կոչ է անում Եփրատ գետի արեւմտյան ափից նահանջելու դեպի արեւելյան ափը` ընդգծելով, որ դրանք որեւէ դեպքում չեն կարող ստանալ եւ պիտի չստանան ամերիկյան աջակցություն, եթե այդ հանձնառությունը չհարգեն:

Այսինքն, քրդերն առաջխաղացի սահման ունեն, որը հատելը արգելվում է Վաշինգտոնի կողմից: Աջակցությունը որոշ տարածքի վրա քրդական վերահսկողություն հաստատելն է, այն որ համընկնում է տարածաշրջանի վերաձեւման ընդհանուր ծրագրին: Դրանից անդին արգելվում է առաջանալ:

Ներխուժման օրը ԱՄՆ-ի փոխնախագահի ժամանումը Անկարա եւ քրդական շարժումներին սահման դնելու ուղղությամբ կատարած հայտարարությունները պարզ են դարձնում նաեւ տեղի ունեցած ներխուժման ամերիկյան թույլտվությունը: Թուրքերը միաժամանակ ԻՊ-ի զինյալներին հեռացնելով Ճարաբլոսից արգելակում են նաեւ քրդական ուժերի տարածվելու գործընթացը:

Փաստորեն, այստեղ է ամերիկյան եւ թուրքական շահերի կարճաժամկետ համատաղելիությունը: Բայց այս ներխուժումը երկար կտրվածքի վրա չի կարող փարատել Անկարայի մղձավանջը: Վաշինգտոնն այս ձեւով պարզապես սահմանագծել է քրդական ներկայության հաստատման աշխարհագրությունը: Այդ չի նշանակում, որ սիրիական Քուրդիստանը դուրս կգա աշխարհաքաղաքական օրակարգից եւ չի սպառնա ավելի հեռակա ծրագրերով Թուրքիայի մասնատմանը: Եւ չի բացառված, որ ինչպես թուրքական առաջին ներխուժման փորձը, որը շատ կարճատեւ տեւողություն ունեցավ, Անկարան համաձայնվեց զինվորական առաքելություն իրականացնելուց հետո վերստին քաշվի իր սահմաններից ներս: Իհարկե, առաջին ներխուժման դեպքում տարբեր էին պայմանները, հատկապես ՌԴ-ի հետ կապված: Երբ մայիս ամսին թուրքական բանակը ընդամենը 700 մետր ներխուժեց Սիրիայի տարածք, Ռուսաստանը, որն այդ ժամանակ լարված հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ, անմիջապես կոշտ դիրքորոշում որդեգրեց եւ սպառնաց նրան` հայտարարելով, որ կատարվածը ագրեսիա է, միջազգային նորմերի կոպիտ խախտում։

Ուրեմն, այստեղ հասկանալիորեն կար նաեւ ռուսական համաձայնությունը: Այս գործողության դիմաց եւ դրանից առաջ Անկարան ամենաբարձր մակարդակներով բարձրաձայնել էր Սիրիայի տարածքային ամբողջականության եւ պաշտոնական Դամասկոսի հետ հարաբերություններ վերաձեռնարկելու ռուսական վարքագծի հետ հաշտ ընթացող այլ կետերի մասին: Չմոռանանք, սակայն, որ Հասաքեում քուրդ-կառավարական ուժեր բախումների զսպման գործում ռուսական գործոնը դերակատար էր. ի վերջո, քրդերը հստակ առավելություններով դուրս եկան Հասաքեի բախումներից, ամրապնդելով տարածքին իրենց վերահսկողությունը:

Մի քայլ առաջ, մի  քայլ հետ այս ընդհանուր մոտեցումներում չի կարելի  չնկատել Իրանի գործոնը, որն անպայման նկատի կունենա Արեւմուտքի եւ հատկապես Վաշինգտոնի հետ հարաբերությունների բնականոնացման ընդհանուր միտումները: Անկարա-Թեհրան-Մոսկվա նոր ձեւավորվող առանցքին մաս կազմելով հանդերձ , Թեհրան ոչ միայն ծանր ոճով քննադատեց Անկարային, այլ ուղղակի կասեցրեց իր տրամադրած ռազմակայանների օգտագործումը ռուսական օդուժի կողմից: Իրանի ներգրավվածությունը եւս այս բոլորին անպայման հաշվի առել եւ առնում է  Վաշինգտոնի հետ իր հարաբերությունների բնականոնացումը եւ ընդունում քրդերի շարժումներին աջակցելով սահման դնելու մոտեցումը, նկատի ունենալով նաեւ Իրանում գոյություն ունեցող քուրդ ազգաբնակչության թիվը։

Բոլոր նախադրյալները ցույց են տալիս, որ Անկարան ԻՊ-ի եւ քրդերի դեմ պատերազմելով շահերի համատեղելիության կարճաժամկետ մարտավարությամբ կազմակերպել է թույլատրված ներխուժում: Ճարաբլոսի ներխուժմանը ժամանակավոր իրավիճակ ստեղծելով չի հաջողվում աշխարհաքաղաքական մակարդակի վրա առավելություն ձեռք բերել տալ Անկարային, որը փորձում է այս կերպ իրականացնել միջազգայնորեն մերժված եւ իր կողմից առաջ քաշվող անվտանգության գոտու ծրագիրը։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031