«Ակնհայտ է, որ «Սասնա ծռերին» աջակցության մասին խոսք լինել չի կարող: Իշխանությունները հնարավորինս ապօրինի եղանակով փորձում են ակտիվ քաղաքացիներին, դերակատարներին մեկուսացնել, ինչը եւ իրականացվում է»,- այսօր գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ Aravot.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը,- «Եթե նույնիսկ նրան չհամարենք քաղբանտարկյալ, ապա նա խղճի բանտարկյալ է, որովհետեւ ինքը որպես ընկեր իրենց հետ հեռախոսազրույցի համար կալանավորվել է»:
Նա նաեւ քաղաքական որոշում համարեց դատարանների այն որոշումները, որոնց համաձայն նույն մեղադրանքով կալանավորված անձանց մի մասի խափանման միջոցը փոխեցին գրավի դիմաց, մյուս մասինը՝ ոչ: Բայց չկարողացավ պարզաբանել նման որոշման պատճառը, ասաց՝ իշխանությունը խտրականություն է դրսեւորում, այդ թվում իր եւ նույն մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի դեպքում:
Ի պաշտպանություն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կազմակերպված բողոքի ակցիային այսօր մասնակցում էր նաեւ «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը:
Կարդացեք նաև
«Կարո Եղնուկյանը կալանավորված է քաղաքական դրդապատճառներով, ու քանի դեռ դատարանը չի որոշել, որ Կարո Եղնուկյանը մեղավոր է, նա անմեղ է: Հետեւաբար, կարելի էր առնվազն փոխել խափանման միջոցը»,- ասաց Արա Պապյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ