Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Լեռնային Ղարաբաղն ավելի կայացած պետություն է, քան ՄԱԿ-ի կողմից ճանաչված մի շարք անդամ երկրներ»

Օգոստոս 25,2016 20:20

ԱՊՀ երկրների սփյուռքի եւ ինտեգրացիայի ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Ноев Ковчег-ին տված ընդարձակ հարցազրույցում խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման խնդրի շուրջ:

«Ես մարդկանց եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պաշտպանում եւ դրա մասին արտահայտվում եմ դեռ 90-ականներից եւ գիտեմ, որ իմ տեսակետն Ադրբեջանում չեն կիսում: Բայց համոզված եմ նրանում՝ ինչ տեսել եմ, գիտեմ եւ ինչի ականատեսն եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետականության միավորում, իհարկե, կայացել է: Այն կա՝ ունենալով պետության համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները: Դրանում համոզում է անգամ, որ այնքան սեփական բանակի եւ անվտանգության ծառայությունների առկայությունը, այլ այն փաստը, որ ռազմական բախման ամբողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացներ են ընթանում, ընտրություններ եւ վերընտրություններ են անցկացվում, որոնց մեծ մասին, սկսած 1994 թվականից, ես մասնակցել եմ որպես դիտորդ: Դրանք եղել են եւ հանրապետության նախագահի եւ ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ: Լեռնային Ղարաբաղում մարդիկ իշխանությունը ժառանգաբար չեն փոխանցում, այլ պայքարում են ժողովրդավարական սկզբունքներով ժողովրդական ներկայացուցչության համար:

Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը, չնայած՝ տուժում է շրջափակումից եւ հակամարտության մյուս հետեւանքներից, միավորների ֆորա կտա այսպես կոչված ճանաչված շատ պետությունների: Որովհետեւ մարդիկ սովոր են եւ ցանկանում են աշխատել, կա Հայաստանի եւ հայկական սփյուռքի աջակցությունը, առկա են բնակլիմայական նպաստավոր հնարավորություններ: Այս առումով Լեռնային Ղարաբաղը ավելի քան ինքնաբավ պետություն է, քան ՄԱԿ-ի կողմից ճանաչված մի ամբողջ շարք անդամ երկրներ:

Ղարաբաղը որպես շինծու, չպետություն ներկայացնելու բոլոր ջանքերը, որ քարոզչական առումով ներկայացնել ձգտում են Ադրբեջանի իշխանությունները, իմ կարծիքով հիմնված են խանդի, այդ տարածքների կորստի եւ 90-ականների բախումներում կրած պարտության ցավի վրա: Սակայն այդ ամենն իրականությունը չի արտահայտում: Եվ ես վստահ եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական խոսքի, հակամարտության ոչ մի կարգավորում հնարավոր չէ:

Հայաստանն, անշուշտ, լրջորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղին, բայց դեռ հարց է, թե ով ավելի շատ ազդեցություն ունի ներքին կյանքի վրա. Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի: Եվ մենք գիտենք, հայ հասարակությունում այս հարցում տարբեր շատ կարծիքներ կան:

Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորում հնարավո՞ր է, թե դա գորդյան հանգույց է: Գորդյան հանգույց պատմության մեջ արդեն եղել է. Ալեքսանդր Մակեդոնացին այն լուծել է սրի մեկ հարվածով այն կտրելով: 80-90-ականների իրադարձությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղը կողմնորոշվեց. վերամիավորվել Հայաստանին կամ ինքնորոշվել միանգամայն այլ կարգավիճակով, բայց ոչ մի դեպքում Ադրբեջանի կազմում: Եվ այս կամարտահայտությունը այսօր էլ գերիշխում է խնդրի կարգավորման բոլոր տարբերակներում: Սա հնարավոր չէ անտեսել:

Ռազմական տեսանկյունից, ինչպես ցույց տվեց նաեւ այս տարվա ապրիլյան ավանտյուրան, ոչ մի հարձակում էական արդյունք չի բերելու: Անգամ վերազինման, վերախմբավորման, վերապատրաստման եւ այլ պայմաններում: Իմ կարծիքով խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: Գտնում եմ, որ ցանկացած իրատես ու սթափ քաղաքական գործիչ, պետք է ելնի այսօրվա իրականությունից: Լեռնային Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերված, այն կայացել է: Ճանաչման խնդիրն, անշուշտ կարեւոր է, բայց գոյություն ունենալու պարտադիր պայման չէ: Ինձ թվում է՝ կարգավորման վերջնական բանաձեւը պետք է հաշվի առնի հետեւյալ հանգամանքները. առաջինը Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի համարվող տարածքների մեծ մասի վերադարձնելը Ադրբեջանին: Այստեղ հարցականի տակ են մնում Լաչինի եւ Քելբաջարի միջանցքները, որոնք այսօր մնում են հայ բնակչության անվտանգության երաշխիքները: Իսկ փոխզիջումն այսքան տարի չի կայանում, որովհետեւ կողմերը փոխադարձ վստահություն չունեն, ինչը խորացրեցին այս տարվա ապրիլի իրադարձությունները: Որովհետեւ 94 թվականի ռազմական գործողությունների արդյունքում իրեն ոտնահարված զգացող Ադրբեջանը չի կորցրել ռազմական կամ շանտաժի դիվանագիտական միջոցով Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին փաստացի անձնատուր լինել ստիպելու հույսերը: Կարծում եմ, որ Ադրբեջանի սթափ քաղաքական գործիչները լավ են հասկանում, որ Լեռնային Ղարաբաղն այլեւս անջատված կտոր է, սակայն ներքաղաքական հանգամանքներով պայմանավորված դա ընդունել չեն ուզում չեն կարողանում եւ չեն պատրաստվում: Այստեղից էլ փակուղին բանակցություններում, որ առաջ սկսվել է նաեւ այն բանից հետո, որ Ադրբեջանը մշտապես խոսում է իր կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության անհասկանալի երեւույթի մասին, ինչին հայկական կողմը երբեք չի գնա: Հայաստանի դիրքորոշումն ավելի ճկուն է, թեեւ ինքն էլ զերծ չէ ներքաղաքական հանգամանքներից: Եվ Հայաստանում վերջին իրադարձությունները ասվածի հաստատումն են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ club-rf.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031