Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե ներդրումային ծրագրեր են իրականացնում, այլ ոսկի են ձեռք բերում ու իրենց գումարները սառեցնում»

Օգոստոս 25,2016 18:02
voski

Արդեն որերորդ ամիսն է, ոսկու գները Հայաստանում շարունակում են բարձր մնալ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ոսկու թանկացումը պայմանավորեց համաշխարհային շուկայում այս թանկարժեք մետաղի գների բարձրացմամբ. «Համաշխարհային տնտեսության մեջ առաջանում են ռիսկային իրավիճակներ, եւ երբ ներդրողները չեն կարողանում իրենց միջոցներն արդյունավետ տեղաբաշխել, հատկապես` բացասական տոկոսադրույքների պարագայում եւ այլն, նրանք ստիպված են լինում իրենց միջոցները տեղաբաշխել ոսկու մեջ: Ոսկին բոլոր դեպքերում մնում է որպես ներդրումային վստահելի կապիտալ, բայց քանի որ բավականին իջած է եղել, որոշ ներդրողներ այդ ժամանակահատվածում նաեւ բավականին շատ ոսկի են ձեռք բերել, որը կարող է նաեւ հիմա վաճառքի հանած լինեն եւ օգուտներ ստանան: Բայց, այնուամենայնիվ, գլխավոր պատճառներից մեկը համաշխարհային տնտեսության մեջ առկա որոշակի բացասական սպասումներն են , որոնք ստիպել են ներդրողներին անցում կատարել դեպի ոսկին»:

Vilen_Khachatryan

Այսինքն` ըստ Վիլեն Խաչատրյանի, ներդրողները ոչ թե ներդրումային ծրագրեր են իրականացնում, այլ ոսկի են ձեռք բերում եւ գումարներն ինչ-որ առումով սառեցնում են:

Պարոն Խաչատրյանի տվյալներով, վերջին տարիների կտրվածքով ոսկու ամենացածր գինն արձանագրվել է 2015 թվականի նոյեմբերին, 31,1 գրամն արժեցել է 1060 դոլար: Այս պահի դրությամբ մեկ տրոյական ունցիան (թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր), որը 31,1 գրամ է, արժե 1321 դոլար:
Վերջին յոթ-ութ ամսվա ընթացքում ոսկու գինն աճել է 260 դոլարով, որը, գնային առումով մոտ է գտնվում 2014 թվականի փետրվարին արձանագրված ոսկու գնին: Ոսկու առավելագույն գինը գրանցվել է 2011 թվականի սեպտեմբերին` 1861 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Կենտրոնական բանկի տվյալներով, ոսկու մեկ գրամն արժե մոտ 42 դոլար:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031