Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնական. «Բուհերի միավորումը կբերի կրթության որակի անկման»

Օգոստոս 25,2016 17:28

Առաջիկայում ՀՀ կառավարությունը պատրաստվում է միավորել Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը ու ստեղծել Գրիգոր Նարեկացու անվան Շիրակի պետական համալսարան: Ըստ շրջանառվող լուրերի, այդ ամենն արվում է Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ռեկտորության հարցը լուծելու նպատակով եւ կրթության որակի շղարշի ներքո:

Ներկայումս պարոն Մինասյանը Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարն է:

Բուհերի «խոշորացման» արդյունքում ուսանողների ավելի մեծ թիվ ու պրոֆեսորադասախոսական որակյալ կազմ ունեցող Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի գույքի մի մասը կհանձնվի ՀՀ պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը, իսկ փորձը ցույց է տալիս, որ ազատված տարածքներն ի վերջո սեփականաշնորհվում են:

Aravot.am-ի հետ զրույցում հանրապետությունում ճանաչված մասնագետներից ոմանք կարծիք հայտնեցին, որ բուհերը «խոշորացնելու» որոշումը բնավ հիմնավորված չէ:

Օրինակ, տնտեսագիտության դոկտոր Վասակ Թորոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Երբ կայացած մի ինստիտուտ միացնում են մեկ այլ ինստիտուտի, հնարավոր է, որ ամբողջ ստեղծածը ոտքի հետ գնա-փչանա»:

Նրա ձեւակերպմամբ, նման որոշումների պարագայում պետք է հիմնավորումներ լինեն, մինչդեռ հիմա դժվար թե որեւէ մեկը կարողանա հստակ հիմնավորում ներկայացնել: «Իմ կարծիքով՝ Գյումրիում տնտեսագիտական համալսարանը բավականին լուրջ ձեւավորված կրթական ծրագրով աշխատող համալսարան է, որտեղ հիմնականում Երեւանից աշխատող մասնագետներ, գիտությունների դոկտորներ են, իսկ երկու տարբեր բուհերը միացնելը լուրջ հիմնավորման կարիք ունի, որովհետեւ չես հասկանում, թե նպատակը որն է: Դրա մասին չի գրվել, միայն ասում են, որ ուզում են միացնել: Ինչպե՞ս կարելի է իրար միացնել տարբեր բուհեր՝ տարբեր մասնագետներով, տարբեր որակավորումներ ունեցող գիտնականներով»:

Պատասխանելով մեր հարցին, պարոն Թորոյանն ասաց, որ չի լսել, թե այդ միավորմամբ ուզում են ինչ-որ մեկի ռեկտորության հարցը լուծել: Նրա խոսքով՝ բոլոր ասեկոսեների մեջ ե՛ւ դրական տեղեկատվություն կա, եւ բացասական, ու չի բացառվում, որ ճշմարտության հատիկ էլ լինի:

Տնտեսագիտության թեկնածու, տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Քթոյանը եւս արդարացված մոտեցում չի համարում երկու բուհերի միավորումը: «Այն խնդիրները եւ նպատակները, որ հայտարարվել էին, միացմամբ չեն կարող իրագործվել, դա կապ չունի Գյումրի քաղաքում կրթության որակի բարձրացման հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է բուհերի միավորմամբ ՀՀԿ կառույցի ղեկավարի ռեկտորության հարցն են ուզում լուծել, պարոն Քթոյանն ասաց, որ փաստեր չունի, եւ իրեն ավելի շատ հետաքրքրում է կրթության շահը: «Որքանով ես լսել եմ մեկնաբանությունները, որոնք առնչվում են այս ծրագրին, մեկնաբանություններ, որոնք տրվել են պաշտոնատար անձանց կողմից, ովքեր որ առաջ են տանում այս ծրագիրը, նպատակը՝ առաջինը բարձրացնել կրթության որակը, եւ երկրորդը՝ փորձել կանխել այն խնդիրները, որոնք կապված են դիմորդների թվի նվազման հետ: Համենայնդեպս, այդ խնդիրներից ոչ մեկը միավորմամբ չի լուծվում, ընդհակառակը՝ միավորմամբ տեղի է ունենում համահարթեցում, բացառվում է մրցակցությունը, եւ այդ պարագայում, կրթության որակի մասին խոսելն ավելորդ է դառնում: Իրենք պետք է նախ փորձագիտական վերլուծություններ իրականացնեին, գնահատեին այդ բուհերի կրթական ծառայությունների որակը եւ արդյոք միավորմամբ հնարավոր կլինի՞ բարձրացնել կրթության որակը, թե՞ տեղի կունենա կրթության որակի նվազում: Իմ կարծիքով՝ երկրորդը տեղի կունենա»:

Իմիջիայլոց, Շիրակի մարզի ՀՀԿ-ական կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի՝ իր ռեկտորության վերաբերյալ հարցին պատասխանել էր, որ հարցը քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ ինքը 35 տարի է՝ կրթության ոլորտում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Որոշումը ճիշտ կլինի, եթե վերացվի լոռուպցիան և հովանավորչությունը , որըմ թաղված է հատկապես տնտեսագիտական ինստիտուտը իր գործող ղեկավարի գլխավորությամբ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031