Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի նշած՝ Հայաստանի ՀՆԱ-ի 10% աճ, ըստ Արծվիկ Մինասյանի, պատմականորեն չենք ունեցել (Տեսանյութ)

Օգոստոս 25,2016 16:27

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանելով լրագրողների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նշած Հայաստանի ՀՆԱ-ի 10 % աճի մասին հարցին՝ ասաց. «Մենք ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանի անկախության պատմության ընթացքում կիսամյակային կտրվածքով պատմականորեն ֆիզիկական ծավալով ամենաբարձր ցուցանիշը՝ 168 միլիոն դոլար: Այսպիսի ցուցանիշ, ես չեմ ասում՝ եթե վերահաշվարկենք ինֆլյացիայով, արժույթի կուրսով եւ այլն, զուտ ֆիզիկական այսպիսի ցուցանիշ մենք պատմականորեն չենք ունեցել վերջին 10 տարիների ընթացքում: Ամենամեծը եղել է 143 միլիոն դոլար՝ 2013 թվականին»:

Նախարարի ներկայացմամբ՝ այս ցուցանիշները լավատեսություն են ներշնչում, քանի որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առաջին տարիներին անորոշությունը շատ էր, այս թվում նաեւ արտահանման ընթացակարգերի ոչ միանշանակ ընկալում, կամ առանձին դեպքերում վարչարարական խոչընդոտներ, ապա հիմա այն հաղթահարվում է:

Նախարարն ասաց, որ առաջիկայում ակնկալվում է՝ արտահանման աճի տեմպերն էլ ավելի են բարձրանալու:

Նախարարի խոսքերով՝ Ռուսաստանում իրականացնում են հայկական ապրանքների տոնավաճառային ցուցահանդես, եւ մտածում են Մոսկվայից բացի այլ քաղաքներում էլ կազմակերպել նման ցուցահանդեսներ. «Ինչը մեր տնտեսության պայմաններում բավականին նախընտրելի տարբերակ է»:

Մանրամասն՝  տեսանյութում

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ էլ, նախարարն ասաց, որ այժմ ուսումնասիրվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնագետների կողմից՝ պարզելու տնտեսական ակտիվության անկման պատճառները:

Ինչ վերաբերում է ԱՎԾ այն տվյալներին, որ այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ արձանագրվել է 4.3% անկում, ինչը աննախադեպ է վերջին 10 տարում, Մինասյանը չհամաձայնեց, ասելով, որ իբր լրագրողները լավ չեն նայել ցուցանիշները.«Նորից կնայեք, եւ կխոսենք: Ես ասացի արդեն, առաջիկայում մանրամասն վերլուծությունների հիման վրա մենք կներկայացնենք պատճառները: «Աննախադեպ» արտահայտությունը ոչ միայն տեղին չէ, իրական չէ, այլ նաեւ որեւէ լավատեսություն չկա ձեր հարցադրման մեջ: Ես կարծում եմ՝ հարցադրումը պետք է լինի՝ ի՞նչ անել, որ անկումը փոխարինվի ավելի բարձր աճի տեմպով»:

Մինասյանը նաեւ անդրադարձավ ՀայաստանԻրան ազատ տնտեսական գոտուն, եւ թե ինչպես է այն գործելու, ինչ պայմաններ են, մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031