Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացված քահանայի պնդմամբ՝ Վահան սրբազանը ստում է

Օգոստոս 25,2016 16:00

Խայտառակություն՝ ըստ տեր Արմեն քահանա Մելքոնյանի

Հուլիսի 31-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցել էր նաեւ Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի հոգեւոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանը: Ոչ միայն մասնակցել, այլեւ ելույթ էր ունեցել՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» կայացած ակցիայում: Դրանից հետո քահանային պաշտոնից զրկել էին, սակայն կարգազուրկ չէին արել, քանի որ նա ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: Արդյունքում՝ այժմ տեր Արմենը տեղի հոգեւոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական առաքելություն չի կարող իրականացնել:

«Առավոտի» հետ զրույցում տեր Արմենը հայտնեց, որ ցույցի օրը իր ելույթը ծրագրված չի եղել, բողոքի ցույցի մասին էլ տեղեկացել է Ֆեյսբուքից ու ցանկացել անպայման ներկա լինել որպես քաղաքացի, հայ, որպես տեղի հայերի հոգեւոր հովիվ եւ «Սասնա ծռերի» համակիր: «Անակնկալի եկա, որ ինձ բացման խոսք տրվեց, ես էլ արտահայտեցի, ինչ կար իմ սրտում: Այդ ելույթը կա յութուբի վրա: Ես այսօր էլ շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ մեր երկրում տիրող անարդարությունները չեն կարող շարունակվել, իսկ հայ ժողովուրդն իրավամբ արժանի է ապրել լավ կյանքով, եւ այն բռնի ուժը, որ կիրառվում է մեր մայրերի ու քույրերի նկատմամբ, բացարձակապես մերժված է»,- ասաց հոգեւորականը, որն, ըստ էության, ցույցին մասնակցել է խաղաղություն քարոզելու նպատակով: Եվ դա փաստված է տեսանյութում:

Դրանից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանն իրեն նամակ է գրել եւ ասել, որ տեր Արմենի պահվածքը եւ մոտեցումը հարիր չէ հայ հոգեւորականին, նույնիսկ դատապարտելի է: «Չգիտեմ ինչու, տեր Ասողիկն իրեն իրավունք վերապահեց դատապարտել իմ պահվածքը, որ իբր դա հայ հոգեւորականի վայել արարք չէ, ես էլ նրան հարցրի, եւ այսօր էլ հարցնում եմ՝ իսկ ո՞րն է, արդյոք, հայ եկեղեցու հոգեւորականին վայել, որ ժողովրդին թողնի առանձին՝ իր դժվարությունների հե՞տ, թե՞ իր ժողովրդի կողքին լինի: Տեր Ասողիկի խոսքն ինձ համար որեւէ նշանակություն չունի, ընդ որում՝ Ֆեյսբուքի իմ էջի հետեւողներից իմացա, որ տեր Ասողիկը բոլորին, որոնք ինձ պաշտպանում կամ մեկնաբանություն են գրում, մեկ առ մեկ գրում է եւ այդ մարդկանց փորձում հանել իմ դեմ: Նաեւ ասեմ, որ նա ինձ բլոկ է արել եւ հեռացրել իր ընկերների ցանկից: Ու քանի որ այլեւս իր ֆեյսբուքյան ընկերների ցանկում չեմ, չէի կարող իրեն փակ նամակ գրել, ինձ իրավունք վերապահեցի հրապարակավ եւ բաց նամակով պատասխանել իրեն»,-հավելեց տեր Արմենը:

Մեր զրուցակիցը նշում է, որ օգոստոսի սկզբին, երբ Ամստերդամում էր, ինքն էլ էր գնացել օդանավակայան՝ դիմավորելու Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին: Ասում է՝ հենց սկզբից զգացել է, որ ինչ-որ բան այն չէ. «Սրբազանն ասաց՝ էս ինչ ես արել տեր հայր ջան, ասացի՝ ի՞նչ եմ արել սրբազան: Ասաց, որ Էջմիածինն իմ դեմ եմ հանել,…կաթողիկոսը շատ բարկացած է: Վահան սրբազանն ասաց՝ կաթողիկոսը զանգել եւ ասել՝ կարգալույծ արա, սրբազանն ասել է, որ նախ հարմար չի լինի, որ կարգալույծ անենք, որովհետեւ ժողովուրդը մեր դեմ կըմբոստանա, երկրորդ պատճառն էլ այն է, որ տեր Արմենը չի պատկանում Էջմիածնի թեմին, ինքը Կիլիկյան թեմին է պատկանում: Նա համոզել էր Վեհափառին, որ ավելի թեթեւ պատիժ տա: Վահան սրբազանն ասաց, որ քեզ պետք է նամակ ուղարկենք, դու քո գործը կշարունակես էլի, ուղղակի քայլ ենք անում, որ Վեհափառին մի քիչ հանդարտեցնենք: Ինձ ժամանակ տվեց հյուրանոցում, ես երկու ժամից հետո եկա ու խնդրեցի՝ սրբազան, ինչ-որ Վեհափառը ձեզ թելադրել է, խնդրում եմ կատարեք եւ հենց հիմա ինձ տաք այդ որոշումը, որ ինձ ձեր պատվիրակությունից դուրս եք թողնում՝ անպաշտոն:

Սրբազանը դիվանագիտություն գիտեր խաղալ, ինձ փորձեց հոգեւոր իմաստով համոզել, թե մենք որպես հոգեւորականներ պետք է աղոթենք, խնդրենք, որ սուրբ հոգին մեզ առաջնորդի եւ այլն, եւ այլն: Ես պնդեցի, որ անպայման ինձ էդ նամակը տա, բայց չտվեց: Ընդ որում, մենք ճաշից հետո սիրալիր բաժանվեցինք: Հետո անակնկալի եկա, երբ օգոստոսի 6-ին ինձ մի նամակ եկավ Վահան սրբազանի փոխանորդից, որը տեղեկացնում էր, թե Վահան սրբազանն իրեն նամակ է գրել, եւ ես այս պատվիրակության մեջ ոչ մի պաշտոն չունեմ ու մնում եմ ազատ հոգեւորական: Այսինքն, ես այլեւս այցելու հոգեւոր հովիվ չեմ: Ես վիրավորվեցի, չէ՞ որ Վահան սրբազանն ինձ պետք է գրեր, սակայն ինձ չի գրել: Ես իրեն էլեկտրոնային փոստով նամակ ուղարկեցի, նամակի մեջ ասացի՝ սրբազան, ինչ-որ խոսեցինք ու ինչ-որ գրել եք, չի համապատասխանում ճշմարտությանը, խնդրում եմ քաջություն ունեցեք ասելու, որ ցույցին մասնակցելու եւ ելույթ ունենալու պատճառով եք ինձ Հայրապետական պատվիրակությունից դուրս դնում: Մինչ օրս պատասխանը չեմ ստացել»:

97-ից սկսած Գերմանիայի թեմում այցելու հոգեւոր հովվի առաքելություն իրականացնող քահանան հակասական է որակում Վահան սրբազանի՝ մամուլին տված հարցազրույցները, դրանցից մեկում Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը նրան եւ անընդհատ Արմեն քահանա է անվանում, եւ իրեն հակասելով ասում է, թե տեր Արմենը չունի համապատասխան փաստաթղթեր, որ ձեռնադրված քահանա է:

Վահան սրբազանին պատասխանելով՝ տեր Արմենը հայտարարում է, որ եթե սրբազան հայրը վստահ չէր, թե ինքը քահանա է, ուրեմն ինչո՞ւ ցույցերից ամիսներ առաջ՝ մայիսին, Սուրբ Կարապետ եկեղեցու անվանակոչության օրը, թույլ տվեց, որ միասին պատարագ մատուցեն: Յութուբում կա նաեւ տեսանյութը, որտեղ Վահան սրբազանն ասում է՝ տեր Արմենի՝ ձեր հովիվի շուրջը հավաքվեք, եւ այդ համայնքը հաջողություն կունենա: «Սրբազան, ես 20 տարի է՝ այս թեմում ծառայում եմ, եւ գոնե վերջին տարիներին, ինչպես որ դուք վկայեցիք այդ օրվա ձեր քարոզի մեջ, գիշերները չեք պառկում՝ առանց տեր Արմենի քարոզը լսելու: Այդ ինչպե՞ս եղավ, որ միանգամից կասկած հայտնվեց ձեր մոտ, թե տեր Արմենը քահանա է: Վահան սրբազանին հարցազրույցներից մեկում ասում էին՝ դուք գրավոր պահանջե՞լ եք տեր Արմենից, որ քահանա լինելը հաստատող թուղթ ներկայացնի, ինքը պատասխանում է՝ մենք բերանացի ենք պահանջել երկու տարի առաջ, եւ տեր Արմենին վստահելով՝ սպասում էինք, որ թուղթ բերի, բայց մինչ այսօր չի ներկայացել»,-հավելում է մեր զրուցակիցը: Տեր Արմենի ձեւակերպմամբ, իր ճիշտ չխոսելը ծածկելու նպատակով, օգոստոսի 12-13-ին սրբազանը փոխանորդի միջոցով խնդրել է իր կենսագրականը, որը քանի տարի է՝ առկա է նաեւ Մայր Աթոռում: «Մի վառ ապացույց էլ կա. «Հայ եկեղեցականներ» էջում ամեն տարի մարտի 20-ին շնորհավորում են իմ տարեդարձը՝ գրելով, որ այսօր Արմեն քահանա Մելքոնյանի տարեդարձն է, շնորհավորում ենք, արժանապատիվ տեր Հայր: Մի՞թե Մայր Աթոռը մինչեւ այսօր խաբված էր, որ ես քահանա եմ, կամ եթե նայենք Գերմանիո թեմի առաջնորդարանի օրացույցը, այնտեղ եւս արդեն քսան տարի ես գրանցված եմ իրենց վեբսայթի վրա, որպես այցելու հոգեւորական՝ քսան տարի այդ պարտականությունը կատարել եմ: Մի՞թե Գերմանիայի առաջնորդարանն էլ խաբված է, ու չգիտի, որ ես քահանա եմ, եւ այսօր Վահան սրբազանն է իբր բացահայտումներ անում…Եվ այսպես «միթե»-ների շարքը կարող ենք շարունակել եւ ապացուցել, որ սրբազանն ամեն ինչից էլ տեղյակ է, եւ ինքզինքը կա՛մ չիմացողի տեղ է դնում, կամ այնպիսի իրավիճակի մեջ է, որը նախանձելի չէ: Պարզապես ինքն ուզում է որեւէ ձեւով իմ պաշտոնազրկումը չկապվի ցույցերի հետ, որովհետեւ մեր եկեղեցու համար խայտառակություն է մի քահանայի պաշտոնազուրկ անել, ինչ է թե՝ իր ժողովրդի կողքին է եղել: Գիտեք, որ մեր համայնքն ըմբոստացել է, ստորագրահավաք է սկսվել, ասում են՝ չենք ընդունում այս որոշումը մեր քահանայի նկատմամբ, եւ նա մնում է մեր քահանան»,- նշում է մեր զրուցակիցը:

Տեր Արմենը վկայակոչում է նաեւ Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի՝ վերջերս մամուլին տված հարցազրույցները, որտեղ Գարեգին սրբազանը շեշտում է, որ արդեն 20 տարի ծառայող տեր Արմենը ոչ մի կարգապահական հարց չունի, սիրված եւ ընտրված եկեղեցականներից մեկն է: «Գարեգին սրբազանին հարցրել են՝ ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Վահան սրբազանը պնդում, որ տեր Արմենը ապացույց չունի, թե քահանա է, Գարեգին սրբազանն էլ պատասխանել է՝ ես էլ եմ զարմանում, որովհետեւ Վահան սրբազանը լավ տեղյակ է տեր Արմենի վիճակից, լավ գիտի՝ տեր Արմենն ով է, ինչ է»,-ասում է անհարկի պատժված քահանան: Տեր Արմենը շարունակում է պնդել, որ իրեն առանց հիմնավորման են դուրս թողել Հայրապետական պատվիրակությունից, ու գտնում է, որ պատճառը ցույցին մասնակցելն է, որը չեն ցանկանում խոստովանել, իսկ Վահան սրբազանը, նրա ձեւակերպմամբ, մեղմ ասած, ճիշտ չի խոսում, եւ պետք է իրենից հրապարակավ ներողություն խնդրի:

Իմիջիայլոց, տեր Արմենի պաշտոնանկման որոշումն ընդունած Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում էլ էր ասել, որ տեր Արմենին պաշտոնից զրկելը կապ չունի ցույցի հետ, եւ պատճառը նրա քահանայությունը վկայող փաստաթղթի բացակայությունն է: Եվ սա այն դեպքում, երբ 2015 թ. սեպտեմբերին Հայրապետական պատվիրակի նախկին փոխանորդը տեր Արմենին գրավոր խնդրել էր ստանձնել Մաաստրիխտի այցելու հովվի պաշտոնը, քանի որ Մաաստրիխտի համայնքի վարչությունը գրավոր դիմել էր իրեն: Տեր Արմենն էլ այդ պաշտոնը ստանձնել էր Վահան սրբազանի համաձայնությունը ստանալուց հետո: Ավելին՝ անցյալ տարվա սեպտեմբերից մինչ այս տարվա հուլիսը տեր Արմենն ամիսը երկու անգամ պատարագ է մատուցել Մաաստրիխտում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

25.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031