Գեւորգ Սաֆարյանի գործով նիստին ներկա էր նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք, որ դատական նիստը հետաձգվեց. Սաֆարյանին քրեակատարողական հիմնարկից դատարան չէին տեղափոխել:
Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ կատարվածը նորություն չէ. «Այս դատավարություններին կարելի է նույն վերնագիրը դնել՝ «Սերժ Սարգսյանի վախը», եւ այդ բոլորը սպասարկում են Սերժ Սարգսյանի վախը: Այնպես որ ինձ համար նորություն չի հետաձգելը»:
Դավիթ Սանասարյանը բերեց իր օրինակը. «Երբ որ ես ամսի 27-ին եղել եմ ոստիկանությունում, եւ ինձ վրա գործ է հարուցված, որ ես ապօրինի հավաք եմ անցկացրել, ոստիկանների հորդորը չեմ կատարել, ավելին՝ զանգվածային անկարգություն եմ հրահրել, բայց ես այդ օրն ամբողջությամբ եղել եմ ոստիկանությունում եւ հատուկ քննչական ծառայությունում: Ձեզ համար պետք է պարզ լինի, թե նմանատիպ դատավարությունները ինչպես են իրականացնում: Այնպես որ մենք գիտենք՝ որտեղ ենք ապրում, դրա համար ենք կռիվ տալիս, դրա համար ենք հայտնվում բանտերում եւ դրա համար պետք է շարունակենք, քանի դեռ ունենք նման իրավիճակներ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ