Ինչպես արդեն հայտնել ենք, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով հերթական նիստը հետաձգվեց: Վերջինիս քրեակատարողական հիմնարկից դատարան չէին բերել:
Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՊՊԾ գունդը գրավելուց հետո Գեւորգ Սաֆարյանը խնդրել է մի քանի հայտարարություններ տարածել, որտեղ իր կոչերով փորձել է քաջալերել: Սակայն ինքը չի տարածել, քանի որ այդ ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորմանը աջակցողներին ձերբակալում էին, իսկ ինքը չէր կարող վտանգի տակ դնել այդ ամենը:
Տիգրան Հայրապետյանը հայտնեց նաեւ, որ Գեւորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի. «8 օր առաջ, որ հանդիպել եմ, ավելի դժվար էր քայլում, հետո էլ ասացին, որ կարող է՝ թարախակալել է: Դիմել եմ համապատասխան արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին, դիմել եմ իրենց ՔԿՀ-ի ղեկավարին, մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի շտապ միջոցներ ձեռնարկեն՝ իրեն տեղափոխեն հիվանդանոց, նախ ախտորոշում ստանալու, հետո բուժումը շարունակելու համար: Պատասխան եմ ստացել, որ դիմումը քննարկման ընթացքում է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ