«Թուրքիան մայիսից հետո առաջին անգամ լայնածավալ հարձակում սկսեց եւ ամենաանսպասելին այն էր, որ ամերիկյան ուժերը աջակցություն ցուցաբերեցին: Մայիսին, երբ Թուրքիան ընդամենը 700 մետր առաջ գնաց Սիրիայի տարածքում, ՌԴ-ն շատ բուռն արձագանքեց: Այսօր ՌԴ-ի դիրքորոշումը շատ սառն է, կցկտուր. ՌԴ ԱԳՆ-ն միայն մտահոգված է: Մինչդեռ, ի հակադրումն սրա, բավական ակտիվ է ամերիկյան կողմը`Բայդենը եկավ Անկարա, թուրքերն էլ դա օգտագործեցին Գյուլենի էքստրադիցիան արագացնելու համար: Բայդենն էլ սպառնաց, որ քրդերին զենք չի տրամադրի ԱՄՆ կառավարությունը, եթե նրանք չենթարկվեն Թուրքիայի կառավարության պահանջներին»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն`անդրադառնալով թուրքական զինուժի կողմից թուրք-սիրիական սահմանը հատելու, ռմբակոծությունների փաստին, սիրիական հարցի նոր փուլին, ռուս-ամերիկյան, ռուս-թուրքական պայմանավորվածություններին:
Դիվանագետի կարծիքով, քաղաքական քողի ետեւում իրականում քրդական շարժումը կասեցնելու փորձ է արվում, որ շարժումը չկարողանա ազդեցություն ունենալ ՊԿԿ-ի վրա, որի դեմ պայքարում է Թուրքիան:
«Փաստորեն, միջազգային իրավունքի շատ մեծ խախտում է եղել Թուրքիայի կողմից: Սա ագրեսիա է: Ու երկու խոշոր պետություններ`հետաքրքիր կեցվածք են ընդունել: Ունենալով ՌԴ-ի լռակյացությունը, ԱՄՆ-ի աջակցությունը, թուրքերն արեցին այն, ինչ ուզում էին ու հիմա մենք կանգնած ենք ռազմական լուրջ վտանգի առաջ: Թուրքիան ամեն ինչ անում է, որ տարածաշրջանում ինքը լինի առաջին ջութակ, վերջնական արդյունքում վերականգնելով Օսմանյան կայսրությունը: Որքանո՞վ դա կհաջողվի`չգիտեմ, բայց եթե հաջողվի, Սիրիան, որպես պետություն, կվերանա»,- կարծում է Արման Նավասարդյանը:
Նա չի բացառում, որ Թուրքիան հանկարծակիի է բերել ՌԴ-ին, քանի որ նման դիրքորոշումը անհասկանալի է: Կամ էլ, ըստ նրա, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը նոր քաղաքականություն են սկսում Թուրքիայի հետ. «Թուրքիան, փաստորեն, կարողանում է խաղալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հակասությունների վրա ու որքան էլ սիրենք կամ չսիրենք Թուրքիային, փաստորեն, դա նրան հաջողվում է: Ես չեմ բացառում, որ ականատես կլինենք հետաքրքիր եւ վտանգավոր զարգացումների: Չմոռանանք նաեւ Իրանի գործոնը»:
Կարդացեք նաև
Ստեղծված իրավիճակում ի՞նչ վիճակում կհայտնվի Հայաստանը, մանավանդ ԼՂՀ հարցի կարգավորման նման ակտիվ փուլի պարագայում՝ Aravot.am-ի հարցի պատասխանը` տեսանյութում:
Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններին`հողեր հանձնելու մասին, դիվանագետն ասաց, որ իր կարծիքով, ոչ տարածքներ հանձնելու «կողմ» կողմերն են ճիշտ, ոչ «դեմ»: Բայց վերջին իրադարձությունները, ըստ նրա, ցույց տվեցին, որ եթե եղել են նման ծրագրեր, դա կանգնեցված է: Ամեն դեպքում դիվանագետը ԼՂՀ-ի դիրքորոշումը ավելի ճիշտ է համարում`բանակցությունների վերադառնալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ