Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում հանձնարարեց պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր թերացել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գնումների գործընթացում:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը կառավարությունից թույլտվություն խնդրեց նախարարության համար գնման գործընթաց կազմակերպելու համար:
Ըստ Քարամյանի, նախարարության այս տարվա գնման գործընթաց իրականացնելու համար պատասխանատու ստորաբաժանումները պետք է 60 աշխատանքային օրվա ընթացքում կազմեին եւ հաստատեին գնման հայտ։ Բայց, ըստ փոխնախարարի, նախարարության կողմից իրականացվելիք որոշ ծրագրերի մասով գնման պահանջը հնարավոր չի եղել իրականացնել։ Խոսքը ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում, «ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում», «Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները եւ այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին» ծրագրերի եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների գնման մասին է, հենց այս ուղղություններով էլ, ըստ փոխնախարարի, հնարավոր չի եղել պահպանել որոշման պահանջը, որի չպահպանման պատճառ է եղել ծրագրերում ներգրավված մասնակիցների որակավորման չափանիշների մասով պահանջվող փաստաթղթերի եւ տեխնիկական միջոցների, ինչպես Քարամյանն ասաց՝ անկոմպլեկտայնությունը, առանց որի հնարավոր չէր տեխնիկական բնութագրերում ներառել մատուցվող ծառայությունների վերաբերյալ հստակ տեղեկություններ:
Փոխնախարարն ասաց, որ մինչ օրս նման խնդիր չէր եղել, սակայն, այնուամենայնիվ, վարչապետը հակված է որոշներին պատասխանատվության ենթարկելու․«Հարկավոր է բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ