Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Քաղաքապետը թացն ու չորը խառնում է» (Տեսանյութ)

Օգոստոս 25,2016 12:17

Վերջին ամիսների ընթացքում անընդհատ լուրեր կային, որ այն դպրոցներում, որտեղ նախկին տնօրենները փոխտնօրեն են աշխատում, նրանցից պահանջում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այս առիթով հարցում է ուղղել Երեւանի քաղաքապետին: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում տիկին Բախշյանը լրագրողներին ներկայացրեց իր հարցման պատասխանը: Դրանում հղում է արվում ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի կետի, համաձայն որի մարդը ինչ-ինչ պատճառներով կարող է մինչեւ 65 տարին լրանալն աշխատել: Փոխտնօրեն աշխատող նախկին տնօրենների պայմանագրերում այդ կետը կա, բայց խնդիրն այն է, որ այդ մարդիկ 65 տարին լրացած են եղել, որ տնօրենի պաշտոնից ազատվել են: Հետեւաբար, հակասություն է առաջանում:

«Ես խորհրդակցել եմ աշխատանքի տեսչությունում ու պարզվում է, որ այդ կետը սխալ հիմնավորում է ու նրանց չեն կարող պայմանագրի այդ կետով ազատել աշխատանքից»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Բանախոսի կարծիքով, քաղաքապետարանն այս քայլը ձեռնարկել է նրա համար, որ շատ դպրոցներում տնօրեն մայրերին փոխարինեցին դուստրերը կամ հարսները: Ինքը նման չորս դպրոց գիտե` Պուշկինի անվան, Նիկոլ Աղբալյանի անվան, 121 եւ 89 դպրոցները: «Տեղեր էլ կան, որ ազգակցական կապ չկա, բայց նախկին տնօրենը մնում է իր սենյակում`օգտագործելով իր ազդեցությունը, թույլ չի տալիս նոր տնօրենը կայանա: Քաղաքապետն էլ թացն ու չորը խառնելով փորձում է հարցը լուծել: Բայց այսպիսով դպրոցների ինքնավարությունն է վերցվում»,- ասում է Անահիտ Բախշյանը` հավելելով, որ ազատված նախկին տնօրենները եթե դատարան դիմեն`կշահեն, ՍԴ-ի նախադեպային որոշում կա:

Մանրամասները` տեսանյութում

Բախշյանը դիմել է քաղաքապետին, որպեսզի իրեն ցուցակ տրամադրվի, թե արդեն ովքե՞ր են դիմումներ գրել: Ցուցակը չի տրամադրվել:

Հարցին`խնդիրը ո՞րն է, որ նախկինում քաղաքապետարանը համաձայն էր նման կարգով աշխատեն նախկին տնօրենները, իսկ հիմա`ոչ, Անահիտ Բախշյանն ասաց, որ պատճառը հավանաբար տարբեր հասարակական դժգոհություններն են, բայց այդ պարագայում կարելի էր տնօրենների նշանակման կարգում փոփոխություն կատարվի`արգելելով նախկին տնօրենի`փոխտնօրեն աշխատելը:

Թեպետ իր նշանակման առաջին օրերին նորանշանակ ՀՅԴ-ական նախարարն ասաց, որ ժառանգականության խնդրով կզբաղվի, բայց Անահիտ Բախշյանը նկատում է`նախարարության ենթակայության դպրոցներում նման շարժ չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031