Մոսկվայում «Սիթիբանկի» մասնաճյուղը երեկ գրաված Տուլայի մարզից հայազգի սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը պատանդներին բաց է թողել եւ հանձնվել է իրավապահներին:
Ռուսական ԶԼՄ-ները նշում են, որ 55-ամյա Արամ Պետրոսյանի բիզնեսը չորս տարի առաջ խնդիրների առջեւ է կանգնել եւ նա ֆինանսական խնդիրներ է ունեցել: Պետրոսյանը վերջին շրջանում ակտիվորեն հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնություններով՝ պետական մարմիններին ուղղելով գործարարներին աջակցելու վերաբերյալ նախաձեռնություններով եւ բանկի մասնաճյուղի գրավումը իր եւ գործարարների վրա ուշադրություն գրավելու քայլ է եղել: Ռուսական մամուլը նշում է նաեւ, որ գործարարը բանկը գրավելուց առաջ ինտերնետում ՌԴ նախագահին ուղղված տեսանյութ է տեղադրել, որում պատճառաբանել է, թե ինչու է որոշել խախտել օրենքը:
Բանակցությունների արդյունքում գործարարն ազատ է արձակել պատանդներին եւ հանձնվել ոստիկանությանը:
Կարդացեք նաև
РИА Новости Ինֆորմացիոն գործակալությունը սակայն նշում է, որ Արամ Պետրոսյանը Ռուսաստանի ՔՕ համաձայն կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից: Կարգազանցին մեղադրանք է ներկայացվել միայն ՔՕ 206-րդ հոդվածի հատկանիշներով: Ընդ որում, ձերբակալված անձը ոչ ոքի չի ծեծել, զենքի ապօրինի շրջանառությամբ չի զբաղվել:
Ավելին, երբ տղամարդը տեղեկացել է, որ դաշնային բոլոր հեռուստաալիքներով իրեն ցուցադրում են, բոլոր պատանդներին ազատ է արձակել ողջ եւ առողջ: Իսկ օրենքով, անձը, որը կամավոր կամ իշխանությունների պահանջով պատանդներին ազատ է արձակում, քրեական պատասխանատվության չի ենթարկվում, եթե չկան ուղեկցող հոդվածներ: Սակայն եթե հետաքննությունը թեկուզ ձեւական առիթ գտնի քրեական օրենսգրքի մեկ այլ հոդվածով գործ հարուցելու համար, նրան խիստ պատիժ կսպասվի եւ նա կդատվի որպես ահաբեկիչ:
Ներկայումս Արամ Պետրոսյանի առողջամտությունն ստուգելու հարց կա եւ ձերբակալվածին ամենայն հավանականությամբ հոգեբուժական փորձաքննության կենթարկեն, որի արդյունքներով էլ որոշում կկայացվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ gazeta.kg-ի