Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պարտադրում են չինգաչուկի լոգո»

Օգոստոս 25,2016 15:30

Տարբեր ոլորտների գործիչները պահանջում են վերանայել
Հայաստանից դուրս ծնված Հայաստանի լոգոն

2012 թվականից Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ սկիզբ առավ Հայաստանի բրենդավորման գործընթացը։ Արդեն 2014- ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման մասին: Ըստ այդմ, մշակվում է կարգախոս եւ լոգո, որով Հայաստանը ներկայանալու է աշխարհին։ Հեղինակները գոհ են իրենց աշխատանքից, որն անվանել են Eternal Sun, այսինքն՝ Հավերժական արեւ: Նույնը չենք կարող ասել հայաստանցի մշակութային, հասարակական եւ քաղաքական բազմաթիվ գործիչների մասին: Նրանք զավեշտալի են համարում նման լոգոյով Հայաստանը աշխարհին ներկայացնելը ու այն քննադատության են ներկայացրել տարբեր հարթակներում: Լոգոյից դժգոհ գործիչներն այժմ դիմում են երկրի բարձրագույն ղեկավարոթյանը, որպեսզի Հայաստանի դեմքի ընտրությունը որոշվի համաժողովրդական քվեարկությամբ: Իմիջիայլոց, ըստ որոշ տեղեկությունների, լոգոյի ստեղծումը արժեցել է 400 հազար եվրո։

paravon

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն ասում է, որ հազարամյա պատմություն ու մշակույթ ունեցող աշխարհի հնագույն ազգերից մեկին նման լոգո ունենալը վայել չէ: «Նման լոգոները ազգային արժեք են, հետեւաբար պետք է քննարկվեն մշակութային կառույցներում՝ կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների եւ այլ միություններում, արվեստագետները պետք է կարծիք հայտնեն: Եթե սա հաստատվեց, դառնալու է մեր երկրի այցեքարտը: Ես ուղղակի կամաչեմ, եթե մեր երկիրը նման այցեքարտ ունենա, որովհետեւ մեզ սրանով են ճանաչելու, իսկ դա մեր ազգին վայել չէ: Կարծում եմ՝ նորից պետք է վերանայեն: Այս ծաղիկը մեզ հետ բնավ կապ չունի, ընդ որում՝ ես հեռուստատեսությամբ եմ իմացել գործընթացի մասին, ու կայացվել է նման որոշում: Հետաքրքիր է, նախագահականը կամ կառավարությունը չե՞ն մտածել սրա մասին: Ախր այս հարցը պետք է անգամ Սահմանադրությամբ կարգավորվեր: Հիմա, ի թիվս այլ արվեստագետների, ես դիմում եմ երկրի ղեկավարներին, վստահեցնում եմ, որ մի քանի տասնյակ արվեստագետներ, մշակույթի ու քաղաքական գործիչներ պնդում են, որ լոգոն հայ ազգի մշակույթի ու պատմության հետ կապ չունի, ուստի խնդրում եմ անցկացնել համաժողովրդական քննարկում: Եվ թող ամեն մարդ իր գործով զբաղվի, թող լոգոներից հասկացող մարդիկ առաջարկներ ներկայացնեն: Եվ մի կարեւոր բան էլ՝ մենք իրավունք չունենք մեր արմատներից կտրվել»,- համոզված է արվեստագետը:

haxto

ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մրցույթ անցկացնելու կարիք չկա, ու նրա ձեւակերպմամբ, մենք արդեն ունենք խորհրդանիշ, որը Արարատ լեռն է. «Արարատը մեր երազն է, մի 100 տարի է՝ մեր ձեռքից խլել են, արդյոք արժի՞ մեր ժողովրդին կտրել իր արմատներից ու երազից: Մենք երկիրը պատմականորեն դրախտ ենք անվանել, ու պետք չէ, որ այդ դրախտը մոռանանք: Նման լոգոն մեր արմատներից կտրել է նշանակում, ես չգիտեմ էլ՝ ովքեր են ֆինանսավորում: Ասում են՝ 400-500 հազար է արժեցել, հիմա ոչ մեկը մի ավելորդ կոպեկ չի տալիս, դրա համար չեմ հասկանում՝ էս դիտավորությունն ինչի՞ համար է՝ աֆրիկյան մշակույթին բնորոշ լոգոյով: Մենք ունենք Արարատ, ամբողջ աշխարհը մեզ Արարատով է ճանաչում, հիմա ինչու պետք է հրաժարվենք Արարատից, ժողովրդին կտրենք ակունքներից: Ես լոգոն առաջին անգամ Ֆեյսբուքում եմ տեսել եւ ապշել, որ նման անհեթեթություն կարելի է թույլ տալ: Եթե այդ լոգոն արել են Ամերիկայում ապրող հայերը եւ ուզում են իրենց համար պտտացնել, թող անեն, իսկ Հայաստանը պետք է իր դիրքորոշումն ունենա, պետք է որոշում ընդունվի մասնագետների կարծիքի հիման վրա:

Թե չէ՝ նույնն էլ անմոռուկի պարագայում եղավ: Այս լոգոն կարող է լավագույն դեպքում մի տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրանքի լոգո լինել: Սրա ընդունումը ազգային դավաճանության է համարժեք: Եթե սա ընդունվի, հարված կլինի մեր ազգային ապագային, նաեւ երիտասարդության ճաշակին, որն առանց այն էլ ամեն օր արվում է անորակ երաժշտության եւ ցածրաճաշակ արվեստի միջոցով: Դրսի անհարկի միջամտությունն արդեն շատ զգալի է, եւ եթե իսկապես ուզում են լավ գործ անել, թող այդ գումարներով ծրագրեր իրականացնեն Հայաստանում: Սովետի ժամանակ անգամ մեր իմաստուն ղեկավարները կարողացել են Արարատը պահել մեր զինանշանի վրա, իսկ հիմա ի՞նչ ենք անում: Թող պատմաբանները, նկարիչները, ճարտարապետները, բոլոր մտահոգ եւ հասկացող մարդիկ ժողովրդին մատուցեն, թե ինչ վտանգ կա այս լոգոյի տակ, բացի այդ, ներկայացվի ի ծնե մեզ հետ բերած լոգոն»,- ասում է Հաղթանակ Շահումյանը:

aragac-axoyan-600x447
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի խոսքերով, ներկայացված լոգոն ասոցացվում է լատինամերիկյան կամ Կենտրոնական Աֆրիկայի երկրների փոքր արտադրության խորհրդանիշի հետ, ասում է՝ կարծես ապաչիների լոգո լինի: «Այստեղ բազմաթիվ հանճարեղ արվեստագետներ կան ու նրանց կողքին նման օտարամոլություն, որը արտահայտվում է այս լոգոյի մեջ: Ունենալով տաղանդավոր արվեստագետների բանակ, հանրապետությունում լիքը սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչու է ինչ-որ մեկը որոշում նմանատիպ լոգոների վրա փող ծախսել եւ փաթաթել մեր բոլորի վզին: Խորհրդային հասարակարգում առանց գեղխորհրդի որոշման, նման բան չէր կարող լինել, հիմա ո՞վ է այն մարդը, որը բոլորի գործառույթները վերցրել է իր վրա ու որոշել, որ այս ազգը չինգաչուկի լոգո պետք է ունենա: Վերջ պետք է դնել սրան: Մենք բոլորս միանալու ենք, թույլ չենք տալու նման բաներ: Ունենք պոտենցիալ հանրապետությունում, ամեն մի կոպեկը մեզ համար թանկ է, ճգնաժամի առկայության դեպքում անհարմար է տանել, ուրիշ տեղ լոգոներ պատվիրել: Սա ասես մի 10 րոպեում անհավես արված աշխատանք լինի»,- հայտարարում է պատգամավորը:

sen

Նկարիչ եւ լուսանկարիչ Սեն Հովհաննիսյանն էլ ասում է, որ իրեն բնավ չի հետաքրքրում, թե ինչքան գումար է ծախսվել, ըստ նրա, կարեւորն այն է, թե ինչպես է դա ստեղծվել: «Այստեղ բացարձակ տգիտություն եւ անգրագիտություն է, մարդը պետք է հասկանա, թե տարբեր չափերի մեջ ինչպես կդիտվի այս լոգոն, այս պարագայում բացարձակ ոչինչ չի հասկացվում, ոնց որ թանաքից կաթեցրած կետեր լինեն: Ամեն պատահական մարդ դիզայներ չէ, այս լոգոյում էլ բնավ դիզայներական աշխատանք չեմ տեսնում»,- հայտնեց նա:

Հավելենք, որ GK Brand ընկերությունը հիմնադրվել է 1980թ. ԱՄՆ-ում: Ընկերությունը մշակել եւ զարգացրել է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ, այն գրասենյակներ ունի 25 երկրներում: Ինչ վերաբերում է լոգոյին, հեղինակները պարզաբանել են, որ արեւի շողերի կամ ծաղկող ծաղկի նման լոգոն խորհրդանշում է այն գաղափարը, որ Հայաստանը իր մշակույթով էական ազդեցություն է գործել երկրագնդի բոլոր անկյունների վրա:

GK Brand ընկերության հիմնադիր եւ ղեկավար Վազգեն Քալաջյանը դեռեւս 2014-ին ՄԱԿ-ի գրասենյակում ունեցած հանդիպման ժամանակ ասել էր, թե մեր պատմությունը ստիպել է, որպեսզի շատերը Հայաստանին տան զոհի կարգավիճակ, հետեւաբար քչերը կցանկանան տոմս գնել եւ մեկնել անհաջողակ երկիր: Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ պետք է ստեղծել այնպիսի բրենդ, որը դրական զգացողություններ առաջացնի:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

25.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տեր says:

    Ազիկիստանինը տեսե՞լ եք…: Հուր է պատկերված՝ իբր ազիկական «azar» (իրականում իրանական, որում նշանակում է «կրակ») բառից: Բայց շատ հստակ խորհրդանիշ է՝ անմիջապես ճանաչելի, թե որ երկրի մասին է խոսքը: Ազիկները նաև նուռն են ակտիվորեն սեփանականցնում ու տարածում՝ որպես «ազիկական ազգային խորհրդանիշ»:
    Մինչդեռ և հուրը, և նուռը բուն հայկական (առաջինը նաև համաարիական) խորհրդանիշեր են…: Դե բայց մեր անգրագետ ու անինքնասեր բոշաները (այթ թվում ու մասնավորապես «մտավորական» ախոռը) եթե մեր իսկ ազգայինի մասին բեխաբար են, բնականաբար, ազիկները ամենինչ կսեփանականացնեն: Ու լավ էլ կանեն: Խելացին միշտ պետք է հաղթի: Այս հարցում էլ ազիկները խելացին են, իսկ մեր ապազգային բոշաները՝ բութ: Արդեն որերոդ անգամ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031