Քաղաքական եւ հասարակական շրջանակներում քննարկվում է հնարավոր համաներման հարցը։
Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, եւ կարծիք կա, որ այդ առիթով Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի։ Պետության ղեկավարները սովորաբար համաներում հայտարարում են պետական տոների կամ կարեւոր իրադարձությունների առիթով, եւ այն համարվում է մարդասիրական եւ ոչ թե արդարադատությանն ուղղված քայլ։ Իսկ ՀՀ անկախության հոբելյանական այս տոնը այդ առումով լավագույն առիթն է։
Հատկապես որ անկախության 25-ամյակի առիթով համաներում է հայտարարվել նաեւ Արցախում, եւ այսօր այդ նպատակով ԼՂՀ խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել։ Իսկ ՀՀ-ում համաներում հայտարարելու համար կա նաեւ հասարակական եւ իրավական պահանջ, հատկապես որ երեք տարի է, ինչ նման ակտ չի կատարվել։ Վերջին համաներումը տեղի է ունեցել 2013թ., նորից ՀՀ անկախության տոնի առիթով:
«Այս անգամ ակնհայտ է, որ համաներումը կարող է տարածվել «Սասնա ծռերի» վրա, ինչպես նաեւ դադարեցվեն խմբի գործողությունների ժամանակ ցույցերին մասնակցած անձանց, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ քրեական հետապնդումները եւ այլն»,- հավելեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Կարդացեք նաև
Հավելենք, որ քաղաքական որոշումներից զատ համաներումը սովորաբար տարածվում է այն անձանց վրա, ովքեր դատապարտվել են ազատազրկման մինչեւ երեք տարի ժամանակով, դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն՝ պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով։ Ազատ արձակվելուց զատ կրճատվում են այն անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների, ինչպես նաեւ դատարանների վարույթներում գտնվող, բայց դատաքննությունը չսկսված գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչեւ երեք տարի ժամանակով կամ ազատազրկման հետ չկապված պատիժ եւ այլն։
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում