Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արայիկ Խանդոյանի եղբոր կինն ընդգրկվել է ընտրական հանձնաժողովում որպես ՀԱԿ ներկայացուցիչ. ԿԸՀ-ն գրանցել է Խանդոյանին

Օգոստոս 25,2016 11:16

Ծաղկահովիտ համայնքի գյուղապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արայիկ Խանդոյանի (լուսանկարում) եղբոր կինը՝ Սոնա Թամարյանն ընդգրկվել է ընտրական հանձնաժողովում որպես ՀԱԿ ներկայացուցիչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սոնա Թամարյանը: Սոնա Թամարյանը տեղեկացրել է, որ ընդգրկվել է երկու օր առաջ:

Հիշեցնենք, որ նա փորձել էր առաջադրվել ընտրական հանձնաժողովում որպես դաշնակցության ներկայացուցիչ, սակայն նրան մերժել էին։ «Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ին իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում»,- տարածած հայտարարության մեջ ասել էր Սոնա Թամարյանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում պատասխանել էր այդ հայտարարությանը, թե կուսակցությունն իր վերաբերմունքը հայտնել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամների, այդ թվում նաև խմբի անդամ Արայիկ Խանդոյանի վերաբերյալ: «Մենք այդ մարդկանց կատարած գործողությունը, որոնց մեջ էր նաև, ցավոք, Արայիկ Խանդոյանը, անընդունելի և դատապարտելի ենք համարել և տարօրինակ կլիներ, եթե մենք հիմա մեզ հակասեինք», – նշեց Վարդանյանը, – «Ամենավատը կլիներ, եթե մենք գնայինք, իբր թե, որոշ շրջանակների դուր գալու և դիվիդենտներ շահելու և նշանակեինք իրենց: Դա կլիներ ոչ կուսակցական մոտեցում և ոչ դաշնակցական մոտեցում: Հակառակը, ես կարծում եմ լրիվ տրամաբանական է և այստեղ քաղաքական որևէ խնդիր չկա, կա վերաբերմունք այդ գործողությանը, որը մենք արտահայտել ենք»:

Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը NEWS.am-ին հայտնել է, որ ամուսինը վաղուց էր ցանկանում առաջադրվել գյուղապետի պաշտոնում: «Այնպես չի, որ այս դեպքերից հետո ինքը որոշեց: Ինքը երկու տարի առաջ էր այս ամեն ինչը որոշել: Հիմա էլ համագյուղացիներն են պահանջել, որ դնի թեկնածությունը որպես հերոսի, Արայիկն էլ տվել է իր համաձայնությունը: Ինքը միշտ ուզել է, որ գյուղացիներն ավելի լավ ապրեն, ինչ-որ բան անի իր գյուղացիների համար»,- ասաց նա:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանն օգոստոսի 19-ին առաջադրել էր իր թեկնածությունն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններում:

Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը Արայիկ Խանդոյանին հորդորել էր հանել իր թեկնածությունը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններից: Սակայն Արայիկ Խանդոյանը պաշտպանի միջոցով փոխանցել է, որ մտադիր չէ հրաժարվել թեկնածությունից:

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:

Որպես «Միայնակ գայլ» հայտնի ազատամարտիկ Խանդոյանի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Նորայր Հակոբյանը և նրա եղբայր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը: Վերջինս, սակայն, Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031