Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը մեկնել է Մոսկվա՝ վիրահատության

Օգոստոս 25,2016 10:50

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը (լուսանկարում) նախատեսվածից շուտ է Ռիոյից վերադարձել Երեւան: Նա եկել է Անդրանիկ Կարապետյանի հետ, որպեսզի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ ու միջոցներով կազմակերպի բուժման նպատակով մարզիկի մեկնումը Մոսկվա:

«Անդրանիկը պոկում վարժությունում Եվրոպայի ռեկորդ սահմանեց 174 կգ, որը մինչ այդ պատկանում էր Տիգրան Մարտիրոսյանին՝ 173 կգ: Նա իրեն լավ էր զգում: Հետո իմացանք, որ փոքր հասակում՝ ութ տարեկանում, նա նույն տեղում հոդախախտ է ունեցել: Մենք այդ մասին չգիտեինք: Թեեւ իմանայինք էլ՝ ինչ պետք է անեինք. մարզումների ժամանակ չի զգացվել, ոչ մի անգամ խնդիր չի եղել: Մարզումների ժամանակ նա 205 կգ հրում է կատարել: Այնպես որ մենք սկսել էինք դեռ 10 կգ պակաս: Ինչ կարող ես անել: Սպորտը մնում է սպորտ», – ասաց պարոն Ալավերդյանը:

Հարցին, թե վնասվածքն, այնուամենայնիվ, ի՞նչ աստիճանի է, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Ծղիկն ու ճաճանչը հեռացել են՝ հոդախախտ է: Ջլերը չեն պոկվել, կապանների խնդիր կա, որոնք պետք է միկրովիրահատությամբ կարգի բերել: Մոսկվայում դա շատ լավ են անում: Գագիկ Ծառուկյանն այս հարցերը կարգավորելու համար ոչինչ չի խնայել՝ մեզ ասելով, որ անենք ամեն բան, ինչ հարկավոր է»:

Հետաքրքրվեցինք, թե վիրահատությունն իսկապե՞ս անհրաժեշտ է, որին Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց. «Եթե Անդրանիկը չվիրահատվի, նա սովորական մարդու համար ձեռքի, թեւի ոչ մի խնդիր չի ունենա: Բայց քանի որ մտադիր է շարունակել մարզական կարիերան, գլխավերեւում պահել 200 եւ ավելի կիլոգրամ կշռող ծանրություններ, վիրահատությունը պետք է»:

Մասնագետը խոսեց նաեւ Ռիոյի օլիմպիական արծաթե մեդալակիրներ Գոռ Մինասյանի, Սիմոն Մարտիրոսյանի մրցելույթների, մեր կին ծանրորդների մասնակցության մասին:

Հ. Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031