Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. արդարադատությունը պետք է նաեւ տեսանելի լինի. «Հրապարակ»

Օգոստոս 25,2016 10:46

Հարցազրույց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ

– «Սասնա ծռերի» ընդվզման օրերին նրանք հրաժարվեցին հանրային պաշտպաններից։ Ինչպե՞ս եք սա գնահատում։ Նշանակում է՝ հանրային պաշտպանների ինստիտուտի նկատմամբ չկա՞ հանրային վստահություն։

– Այդ կարծիքին չեմ։ Հանրային պաշտպանները «Սասնա ծռերից», կարծեմ, երկուսի պաշտպանությունն այժմ իրականացնում են։ Այդ դեպքերի հետ կապված 22 անձանց, որոնց մեղադրանքներ են առաջադրվել զանգվածային անկարգությունների կամ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու մեղադրանքներով, նույնպես պաշտպանում են հանրային պաշտպաններ։ Ինչ վերաբերում է «Սասնա ծռերից» մի քանիսի հրաժարմանը հանրային պաշտպաններից, կարծում եմ, որ սա բխեց այն իրողությունից, որ փաստաբանները խումբ կազմեցին եւ որոշեցին, որ ավելի նպատակահարմար է խմբով պաշտպանել նրանց շահերը։ Հավանաբար, այդպես առավել արդյունավետ պաշտպանություն կապահովեն։ Հանրային պաշտպաններից հրաժարվելու պատճառն էլ, իմ տեղեկություններով, դա է եղել։

Հանրային պաշտպանները նույնպես փաստաբաններ են եւ մյուս փաստաբաններից տարբերվում են միայն այն հատկանիշով, որ իրենք գործեր ընտրելու հնարավորություն չունեն։ Մյուս բոլոր առումներով նրանք ունեն նույն երաշխիքները եւ անկախությունը։

Այս դեպքերի հետ կապված՝ հանրային պաշտպանները գործել են շատ արագ եւ օպերատիվ, նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին, հասել են անհրաժեշտ վայր, գտնվել են իրենց վստահորդների կողքին, որպեսզի ապահովեն նրանց լռելու իրավունքը։ Այդ ժամանակ էլ ասեկոսեներ կային, որ ձերբակալվածների նկատմամբ կարող էին բռնություն կիրառել։ Հանրային պաշտպանները նրանց կողքին են եղել այնքան ժամանակ, քանի դեռ չի եկել մյուս փաստաբանը։ Այդ առումով իրենք իրենց գործը մեծ պատվով կատարել են։

– Ինչպե՞ս եք գնահատում պետական մարմինների պահվածքը «Սասնա ծռերի» դեպքերի օրերին, եւ ո՞րն է Փաստաբանների պալատի տեսակետը։

– Փաստաբանների պալատն առնվազն երեք անգամ արձագանքել է այս իրավիճակի վերաբերյալ։ Առաջին անգամ՝ 19.07.2016թ., Փաստաբանների պալատը կոչ է արել ոստիկանությանը չխոչընդոտել փաստաբանների գործունեությանը եւ ապահովել քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Երկրորդ անգամ՝ 22.07.2016թ., Փաստաբանների պալատի փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտող որոշում է ընդունել եւ հրապարակել։ Երրորդ անգամ՝ 30.07.2016թ., Փաստաբանների պալատը, ա) դատապարտել է հարկադրական բնույթի լիազորություններ կիրառելիս պիտանիության, անհրաժեշտության եւ համաչափության սկզբունքները խախտած ոստիկանների գործողությունները, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործողությունները, բ) կոչ է արել պատկան մարմիններին լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի եւ հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ եւ հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները եւ մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության, եւ գ) զորակցություն է հայտնել լրագրողական համայնքին։ Բացի այդ, Փաստաբանների պալատը նախաձեռնել եւ կազմել է բերման ենթարկվածներին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու ցանկություն հայտնած փաստաբանների ցուցակը, իր տարածքային եւ մյուս ռեսուրսներն է առաջարկել խմբի կամ խմբերի անդամներին։ ՄԻՊ գրասենյակն էլ այդ օրերին ակտիվ գործել է, ճիշտ է՝ առանց լուսաբանման, ինչը որոշակի դժգոհություններ առաջացրեց։

Մյուս մարմինները, այդ դեպքերի հետ կապված, դեռեւս չավարտված վարույթներ ունեն, ուստի այդ մարմինների պահվածքը գնահատել չեմ կարող։ Միայն կարող եմ ասել, որ արդարադատությունը պետք է նաեւ տեսանելի լինի, ինչին նպաստում են լրագրողները, հակառակ դեպքում հասարակությունը դա դիտարկելու է որպես ոչ իրավաչափ միջամտություն այդ անձանց իրավունքներին:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031