Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ոչ մեկին, այլեւս ոչ մի բան չունենք զիջելու եւ տալու. Մանվել Գրիգորյան

Օգոստոս 25,2016 10:22

Շուշիում անցկացվեց երկրապահական Արցախյան ուխտագնացության մայր միջոցառումը, որին մասնակցում էր եռասերունդ երկրապահական ընտանիքը, Արցախի նախագահը, բոլոր վարչական շրջանների, բոլոր շեների ներկայացուցիչներ, Պարգեւ եւ Եզնիկ սրբազանները, հոգեւոր դասի այլ ներկայացուցիչներ։

Զորավար Մանվել Գրիգորյանի ելույթն Արցախյան ուխտագնացության մայր միջոցառմանը.

Սիրելի՛ ժողովուրդ.

երկրապահ կամավորականնե՛ր, մայրեր, քույրեր, երիտասարդ ու պատանի երկրապահնե՛ր:

Այսօր Արցախի սրտում` հայոց հինավուրց եւ պատմական Շուշիում անցկացնում ենք մեր ավանդական ուխտագնացության մայր միջոցառումը:

Երկրապահական ուխտագնացությունը նվիրված է մեր անկախ հայրենիքի` Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակին, Հայաստանի եւ Արցախի անկախության համար նահատակված մեր մարտական ընկերներին, հերոսներ ծնող հերոս մայրերին, գիտելիքի օրվան, սահմանում կանգնած հայ զինվորին, հողի մշակին: Ուխտագնացությունը նաեւ հարգանքի տուրք է հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին։ Ցեղասպանության 100-ամյակի տարում մենք Արցախի բոլոր վարչական շրջաններում Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ տեղադրեցինք, եւ այս տարի ծաղկադրումներ են արվելու նաեւ այդ հուշարձաններին:

Հայ ժողովուրդը միշտ էլ պայքարել է անկախության համար:

Շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի կապակցությամբ: Հայկական զույգ պետություններն արդեն 25 տարեկան են:

Անկախության ակունքներում կանգնած է երկրապահը: Երկրապահը ե՛ւ կռվում էր, ե՛ւ բանակ ստեղծում: Մեր բանակը կազմավորվեց Երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա: Հայաստանի եւ Արցախի անկախության համար մղված պայքարում բազում հայորդիք նահատակվեցին:

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակների հիշատակը` Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:

 

Ամեն տեսակի դժվարությունները մենք հաղթահարել ենք մեր մայրերի ոգու շնորհիվ: Մեր մայրերը իրենց դաստիարակությամբ հերոսացրել են իրենց զավակներին:

Փա՛ռք մեր բոլոր մայրերին:

Մենք ողջունում ենք Արցախի սահմանապահ ժողովրդին: Սիրելի՛ արցախցիներ, դուք բոլորդ էլ սահմանապահ եք, բոլորդ էլ երկրապահ եք: Ես անձամբ ճանաչում եմ Էդիլվա ձորակի, Տողաձորակի, Մարտակերտի տարածքի, Մեծ Շենի, այլ տարածքների բնակիչներին՝ արցախցուն: Սահմանին բնակվելով, սահմանին ձեր տունը կառուցելով, հող մշակելով` դուք հնարավորություն եք տալիս մեր ժողովրդին թիկունքում զբաղվել ստեղծարար այլ աշխատանքով: Հավատացեք, որ անհրաժեշտության դեպքում, ինչպես 1989-94 թվականներին էր, ինչպես այսօր է, ձեզ հետ առաջնագծում կանգնելու է ողջ հայությունը:

Ամբողջ Արցախի տարածքում կանգնեցված են Հայաստանի տարբեր բնակավայրերից հայրենիքի պաշտպանության զոհասեղանին կյանքը նվիրաբերած քաջերի պատվին կանգնեցված հուշարձաններ: Մարտակերտում, Հադրութում կամ այլուր կանգնեցված են հուշարձաններ, խաչքարեր Թաթուլի, Մեխակի, Արայի, Հապետի, Հայրոյի, մեր 26-ի Յուրայի, Մոնթեի, շատ մեր տղաների պատվին: Խաչքարեր մենք կանգնեցնում էինք հենց պատերազմի ժամանակ: Թուրքը սարսափում է նաեւ այս հուշարձաններից: Թուրքը սարսափում է Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներից։ Մենք թուրքին հասկացրինք, որ հայ մշակույթը, հայի հավատքն անմահ են։ Իսկ ամենից շատ թուրքը սարսափում է մեր միասնությունից: Թուրք ազերին հասկանում է, որ միասնական հայությունն անպարտելի է: Երբ մենք մեկ բռունցք ենք, երբ տավուշցի, արցախցի, երեւանցի, էջմիածնեցի, սյունեցի կամ վանեցի ու մշեցի ամբողջանում են մեկ հասկացության մեջ` հայ, երբ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը մի կողմ են դնում տարաձայնություններն ու միասնաբար կանգնում են հայրենիքի պաշտպանության դիրքերում, մենք ամենահաղթ ենք: Դա մենք ապացուցեցինք նաեւ այս տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ: Թուրքական հանկարծակի հարձակմանը հետեւեց հայ ազգի հուժկու եւ միասնական հակահարվածը, եւ ամբողջ աշխարհն էլ հասկացավ, որ հայը մտադիր չէ զիջել արյամբ ազատագրված տարածքները: Մենք պետք է այսպես միասնական լինենք, որպեսզի ստիպենք թուրքին լռել, անկյուն քաշվել, սուսուփուս նվնվալ:

Մեր ուխտագնացությունը նվիրված է մեր բանակին, սահմանները պաշտպանող մեր զինվորին, որը ոչ միայն մեր ժողովրդի պաշտպանն է, այլ նաեւ խաղաղության երաշխավորը: Սահմանին կանգնած հայ զինվորն այսօր եւս ապացուցում է, որ հայոց ոգին անկոտրելի է, որ հայրենիքի պաշտպան հայությունն անպարտելի է: Ցավոք, ապրիլյան պատերազմում, նաեւ` դրանից առաջ ու հետո`ոսոխի դիվերսիոն ներթափանցումների փորձերը խափանելիս հրաշալի հայ քաջեր նահատակվեցին: Մեր տղաները, սակայն, ապացուցեցին, որ այսօր եւս ամուր եւ հստակ պաշտպանված են մեր սահմանները: Մեր տղաները հարկադրեցին թուրքին զսպել իր ախորժակը, հասկացրին, որ եթե շարունակեն ոտնձգությունները հայկական տարածքների նկատմամբ, խստորեն պատժվելու են: Դիվերսիոն թափանցումների փորձերը կանխած մեր որդիները, թուրք-ազերիական լայնամասշտաբ հարձակումը կասեցրած մեր զավակները հերոսներ են, սերունդների դաստիարակման համար կատարյալ օրինակ են: Կրկնում եմ հերթական անգամ: Երկրապահ կամավորականների միությունը հայոց կանոնավոր բանակի հիմքն է եղել եւ այսօր էլ բանակի կողքին է: Վստահեցնում եմ պատերազմի բոլոր մասնակիցների անունից, որ ցանկացած պահի պատրաստ ենք կանգնել առաջին գծում: Թերեւս այս տարվա ապրիլն էլ այս հավաստիացումների հերթական անհերքելի ապացույցն էր:

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության պատվիրակությունները ամբողջ տարվա ընթացքում շարունակաբար լինում են առաջնագծում, սահմանամերձ զորամասերում, անընդմեջ կապի մեջ են սահմանապահ զինվորականության, հրամկազմի հետ։ Իսկ ալիեւներին, գիտեմ, որ նրանք ինձ լսում են, մեկ անգամ էլ ասեմ. Հիշեք 1994-ի մայիսը: Հիշեք` ոնց էիք ծնկաչոք հրադադար մուրում: Քամակներդ չբացեք, չփորձեք ակտիվանալ, թե չէ Բաքվում իրոք կիսատ գործեր ունենք: Մտնելու ենք Բաքու ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ իրավունքով:

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն իմաստուն եւ վստահելի առաջնորդ է։ Մենք անվերապահ վստահում ենք, որ նա հաջող հանգրվանի կհասցնի դիվանագիտական պատերազմն ընդդեմ թուրք-ազերիների, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե ոսոխը դարձյալ տղայություն դրսեւորի եւ պատերազմ հրահրի՝ անվարան կղեկավարի ու հաղթական ավարտի կհասցնի պաշտպանական-հայրենական պատերազմը։ Նույն կերպ մենք վստահում ենք Արցախի հայկական պետության նախագահ, մեր մարտական ընկեր Բակո Սահակյանին։

Հարգելի՛ ժողովուրդ.
Երկրապահական ուխտագնացությունը նվիրված է մեր ապագային` այս երեխաներին, պատանի եւ երիտասարդ երկրապահներին, որոնք շարունակելու են ավանդույթ դարձած ուխտագնացությունը: Հենց մեր կառույցներում թրծված երիտասարդներն ու պատանիներն են բանակի լավագույն զինվորներ, լավագույն սպաներ դառնում: Մենք նրանց վստահում ենք այնպես, ինչպես՝ ինքներս մեզ:

Մենք շնորհավորում ենք նաեւ գիտելիքի օրվա` սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:

Մենք մեր երկիրն ու մեր հաղթանակները ժառանգելու ենք այս սերնդին, նրանք են մեր ապագան, մեր վաղվա զինվորը:

Մեր ուխտագնացությունը նվիրված է նաեւ ազատագրված հայրենիքում ապրողներին, սահմանի վրա ապրող ժողովրդին, հողի մշակին, ովքեր մշակելով իրենց հողը պաշտպանում են հայրենիքը:

Ես միշտ ասել եմ ու հիմա էլ եմ ասում` Արցախի ժողովուրդը հաղթել է մեզ պարտադրված պատերազմում, հաղթել է հազարավոր հայորդիների կյանքի եւ առողջության գնով, եւ տեր է իր հաղթանակին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն, իր ժողովրդով, իր Սահմանադրությամբ, իր բանակով, իր օրենսդիր եւ գործադիր իշխանությամբ, ժողովրդի վստահությունը վայելող նախագահով` կայացել է որպես պետություն եւ իր անկախության ճանապարհը շարունակելու է:

Մենք ոչ մեկին, այլեւս ոչ մի բան չունենք զիջելու եւ տալու:

Իսկ մեզ ուղղված հարցերին, մարտահրավերներին` մեր պատասխանը միասնությունն է:

Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս հայկական Արցախ պետության անկախության 25-ամյա հոբելյանի եւ մեր բոլոր տոների կապակցությամբ:

Փա՛ռք մեր ժողովրդին,

Փա՛ռք ձեզ սիրելի ուխտագնացներ:

 

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031