Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհներգ սիրո

Օգոստոս 25,2016 10:00

Եթե խոսեմ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են:

Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, եւ եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչեւ իսկ լեռներ տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ:

Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա:

Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում:

Սերը երբեք չի անհետանում, թե մարգարեություններ են, պիտի չքանան, թե լեզուներ՝ պիտի լռեն, թե գիտություն՝ պիտի անցնի. քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարեանում: Իսկ երբ գա կատարյալը, շատից քիչը կանհետանա:

Մինչ երեխա էի, խոսում էի ինչպես երեխա, խորհում էի, ինչպես երեխա, դատում էի, ինչպես երեխա, իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բաները մի կողմ թողեցի: Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ, իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ: Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կգիտենամ` ինչպես որ Նա ճանաչեց ինձ:

Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը, եւ սրանից մեծագույնը սերն է:

Պողոս առաքյալի առաջին թուղթը կորնթացիներին, 13

Եղբայրներ, եթե ձեզնից մեկը ինչ-որ հանցանքի մեջ բռնվի հանկարծ, դուք, որ հոգեւոր եք, վերահաստատե՛ք նրան հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության չենթարկվեք: Միմյանց բեռը կրեցեք եւ այդպիսով կատարեք Քրիստոսի օրենքը: Եթե մեկը կարծում է, թե ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում: Թող յուրաքանչյուր ոք կշռադատի իր գործը եւ ապա ինքն իր վրա միայն պարծենա եւ ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով, որովհետեւ յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու:

Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում: Չխաբվեք. Աստված չի ծաղրվում, որովհետեւ ինչ-որ մարդ սերմանում է, նույնը եւ կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք: Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ հարմար ժամանակին պիտի հնձենք, եթե չթուլանանք: Ահա թե ինչու, քանի դեռ ժամանակ կա, բարին գործեք բոլորի հանդեպ, մանավանդ հավատի մեջ ձեր հարազատների հանդեպ:

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին, 6

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031