Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայի հույսերը չենք արդարացնում «տարածքային զիջումների» հարցում

Օգոստոս 25,2016 12:30

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վերջին շաբաթներին տեղեկություններ են ստացվում Ղարաբաղից այն մասին, որ քառօրյա պատերազմից հետո առաջնագծում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, ինժեներական աշխատանքներ են տարվում` տեխնիկական հագեցվածություն ապահովելուց, ջրագծերի անցկացումից մինչեւ նոր ճանապարհների կառուցում:
Առհասարակ, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինտենսիվացած «տարածքային զիջումների» թեման, կարծես, կամաց-կամաց հետին պլան է մղվում: Ավելին, հայկական կողմի` «ոչ մի թիզ հող» դիրքորոշումն ավելի ամրացավ՝ ոչ միայն հասարակական-քաղաքական քննարկումներում, այլեւ դիվանագիտական, իշխանական մակարդակներով:

Նախկին համանախագահի բացահայտումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան The Atlantic Council-ում հոդված է հրապարակել՝ «Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության երկու անսպասելի առաջարկ» վերնագրով, որում անդրադառնում է Ղարաբաղյան հարցում վերջին զարգացումներին: Ըստ Lragir.am-ի` Բրայզան հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական գործունեության եւ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի միլիարդատեր Ֆարհադ Ախմեդովի առաջարկի մասին: Ախմեդովը կոչ է արել, նախեւառաջ, վստահության մթնոլորտ ստեղծել երկու ժողովուրդների միջեւ:

Անդրադառնալով հունիսին Սանկտ Պետերբուրգում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններին` Բրայզան նկատում է, որ հունիսի 20-ին Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանն առաջարկել է, որ Հայաստանն Ադրբեջանին հանձնի երկու շրջան, որի դիմաց Ադրբեջանը կվերականգնի տրանզիտը դեպի Հայաստան եւ տնտեսական կապերը: Մադրիդյան սկզբունքների մյուս բոլոր ասպեկտները՝ ներառյալ մյուս 5 շրջանները պետք է հետագա բանակցությունների առարկա դառնային: Ըստ ամերիկացի համանախագահի` Սարգսյանն ու Ալիեւը ողջունել են Պուտինի առաջարկը՝ չնայած ֆորմալ առումով չեն ընդունել այն: Երկու նախագահների համար ցանկացած փոխզիջման ընդունում հղի է քաղաքական եւ անվտանգային ռիսկերով: Բրայզան կարծում է՝ պատահական չէ, որ հուլիսի 17-ին «հայ ազգայնականների զինված խումբը», որի կազմում Ղարաբաղյան պատերազմի վետերաններ էին, Երեւանում գրավել են ոստիկանության գունդը: Նրանց գործողությունները ստացան Ղարաբաղյան հարցում կոշտ դիրքորոշում ունեցողների աջակցությունը, ինչը հանգեցրեց ոստիկանության հետ փողոցային բախումների: Բրայզայի խոսքով` կոշտ գծի կողմնակիցները գերակշռում են նաեւ Ադրբեջանում:

Ինչպես հայտնի է, Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2007թ. նոյեմբերին: Հայաստանը դրանք ընդունել էր որպես բանակցությունների հիմք: Բրայզան, սակայն, նշում է, որ 2009-ին Սերժ Սարգսյանը «հրաժարվեց 7 շրջանից» եւ համաձայն էր 5-ի վերադարձի, ինչն էլ, ըստ նրա, դարձավ մինչեւ բոլորովին վերջերս բանակցային գործընթացում դիմակայության առարկա: Հունիսի 20-ին, ըստ Բրայզայի` Պուտինը Սանկտ Պետերբուրգի հանդիպմանն առաջարկել է փուլային տարբերակ՝ երկու շրջանի վերադարձ, որի վերաբերյալ Սարգսյանն ու Ալիեւը եկել են նախնական համաձայնության, բայց Հայաստանում իրավիճակը փոխվել է հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավմամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը բանակցություններին չի մասնակցում, եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին նման մանրամասներ հայտնելու համար նա պետք է ունենար բավարար հիմք` ներքին տեղեկատվություն: Բրայզան հազիվ թե հոդված հրապարակեր` հիմնվելով բացառապես իր ենթադրությունների վրա: Նշանակում է՝ Բրայզան որոշակիորեն տեղեկացված է բանակցային ներկա փուլի մանրամասներին` կամ ամերիկյան, կամ թուրքական-ադրբեջանական հավաստի աղբյուրներից:
Օգոստոսի սկզբին Բրայզան հարցազրույց էր տվել «Ամերիկայի Ձայն»-ին, որում նշել էր, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է Ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել: «Իմ կարծիքով՝ արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրմամբ սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին՝ Մադրիդում»:

Այս ամիս ավելի վաղ նախկին դիվանագետը կարծիք էր հայտնել, որ Մադրիդյան սկզբունքները հիմնականում փոփոխությունների չեն ենթարկվել անցած տարիների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները սկզբունքային համաձայնության էին եկել շրջանակային փաստաթղթի շուրջ, եւ ակնկալվում էր, որ ձեռք է բերվելու վերջնական համաձայնություն, որին հետեւելու էին վերջնական պայմանագրի մշակմանն ուղղված երկարատեւ բանակցությունները: «Սակայն գործընթացն առաջ չընթացավ, որովհետեւ ո՛չ նախագահ Ալիեւը, ո՛չ նախագահ Սարգսյանը միմյանց նկատմամբ չունեին բավարար վստահություն՝ քաղաքացիներին բարդ որոշումների մասին տեղեկացնելու համար»: Բրայզայի կարծիքով՝ Երեւանում տեղի ունեցած վերջին շաբաթների ճգնաժամը պայմանավորված է առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության շուրջ իշխանությունների կողմից հնարավոր փոխզիջումների հետ անհամաձայնությամբ. «Խոսքն այժմ նոր փոխզիջման մասին է, որը կողմերին կմոտեցնի միմյանց: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական համակարգում որոշ մարդիկ չեն ցանկանում փոխզիջումների գնալ։ Արդյունքում՝ եղավ այս ճգնաժամը»:

Պաշտոնական Երեւանը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է պնդում

Այն, որ պաշտոնական Երեւանը կոշտացրել է դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում` վկայում են Սերժ Սարգսյանի վերջին պաշտոնական հայտարարությունները:
Օգոստոսի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցի շրջանակներում Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպել էր Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այստեղ ընդունելություն էին կազմակերպել նահանգապետարանում` ի պատիվ ՀՀ նախագահի: Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր. «Հայտնի ասույթի համաձայն՝ պատերազմին պատրաստ լինելով՝ մենք ձգտում ենք խաղաղության: Հայաստանը հաստատակամ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջն իրացնելու վճռականությամբ»:

Իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, Պուտին-Սարգսյան հանդիպմանը ՀՀ նախագահի հայտարարություններն ավելի ուշագրավ էին՝ այն առումով, որ դրանք հիմնվում էին 1994-95թթ. հրադադարի ռեժիմի համաձայնագրերի եւ ավելի վաղ` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: «Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախեւառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը»,- նշել էր Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ այդ գործընթացում:

Կարծես շնորհակալություն հայտնելով Պուտինին` նրա անձնական ներդրման համար, Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, շեշտում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միասնական ջանքերը, այսինքն` այն պահանջները, որոնք համանախագահները դրել էին Ալիեւի առջեւ` ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծելուց հետո:
Բացի այդ, Ս. Սարգսյանն ընդգծված շեշտում էր նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները` նշելով. «Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»:

Հատկանշական է, որ վերջին շրջանում ռուսաստանյան մամուլում, ռուսաստանցի փորձագետների կողմից ավելի են հաճախակիացել հրապարակումներն ու գնահատականները հայկական կողմից ակնկալվող զիջումների, ռուս խաղաղապահների հնարավոր տեղակայման, ինչպես նաեւ հայկական կողմի անզիջում կեցվածքի մասին:
Ուշագրավ է, որ դեռ ապրիլի վերջին արդեն ռուսաստանյան մամուլում ի հայտ եկան «Լավրովի պլանը» մերժելու մասին առաջին ակնարկները: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն այդ շրջանում հոդված հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, որում, հղում անելով ամերիկյան «Բլումբերգ» գործակալությանը տված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նշեց, թե Հայաստանը կասեցնում է բանակցային գործընթացը վերականգնելու Մոսկվայի նախաձեռնությունը։

Ընդ որում, հետաքրքրականն այն էր, որ որպես փաստարկ բերվել էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն անիմաստ համարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ինչպես նաեւ այն պնդումը, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չէր կարող կարգավորման առաջարկություններ ներկայացնել պատերազմից անմիջապես հետո։ Ռուսական պարբերականը դրա հիմքում Հայաստանի նախագահի այդ պնդումը հակադրել էր Սերգեյ Լավրովի այցից առաջ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արած հայտարարությանը, երբ ապրիլին նա Լավրովի` Երեւան կատարելիք այցի նախօրեին արձանագրեց, որ Լավրովը երբեք որեւէ տեղ «դատարկ ձեռքերով» չի գնում։
Ահա, «Կոմերսանտը» դեռ ապրիլի վերջին հրապարակած հոդվածում եզրակացրել էր, որ պաշտոնական Երեւանն անհարմար դրության մեջ է դնում ռազմավարական դաշնակից Ռուսաստանին՝ փաստորեն, Երեւանին մատնանշելով որպես Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ձախողող, ավելի ճիշտ` Մոսկվայի հույսերը չարդարացնող։

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 24.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031