«Երևանյան Հեռանկարներ» 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա էստոնական «Հորտուս Մուզիկուս» անսամբլը: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին փառատոնի մամուլի բաժնից: Hortus Musicus թարգմանաբար նշանակում է երաժշտական այգի:
Մեծ հեղինակություն վայելող անսամբլը ստեղծվել է 44 տարի առաջ Անդրես Մուստոնենի նախաձեռնությամբ: Նա ճանաչված դիրիժոր է, միջնադարյան եւ բարոկկո ոճի երաժշտության գիտակ, Բեռլինի, Վարշավայի, Լոնդոնի, Երուսաղեմի եւ այլ երաժշտական մայրաքաղաքների փառատոների սպասված հյուր:
«Հորտուս Մուզիկուսի» երկացանկի հիմքում IX—XVII դդ արեւմտաեվրոպական երաժշտությունն է, անսամբլը կատարում է նաեւ Հայաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի ազգային երաժշտություն ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ