Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սերոբյան. «Մեզնից ոչ ոք դժգոհ չի, բացի ինքներս մեզանից»

Օգոստոս 24,2016 21:03

Ռիո դե Ժանեյրոյից վերադառնալուց հետո այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս միտքն արտահայտեց սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Մասնագետը, գնահատելով 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հարություն Մերդինյանի եւ Արթուր Դավթյանի մասնակցությունը, ընդգծեց, որ Ռիոյում նրանք օլիմպիական ոսկու համար պայքարել դեռ պատրաստ չէին, բայց բրոնզե մեդալը իրատեսական էր: Նրա խոսքերով, եզրափակիչ մտած Հարություն Մերդինյանի պատրաստած ծրագիրը նժույգ թափում դրան համապատասխանում էր, սակայն դաստակի վնասվածքն ու առողջական որոշ խնդիրները իրենց ստիպեցին հրաժարվել բարդ տարրերից:

Ինչ վերաբերում է հենացատկորդ Արթուր Դավթյանին, Հակոբ Սերոբյանն ասաց, որ նա, ճիշտ է, ծնկի վնասվածք ուներ, սակայն դա  չպետք է խանգարեր, որովհետեւ իրենք գնացել էին օլիմպիական խաղեր: «Եթե առաջներում օլիմպիական խաղերում եզրափակիչ մտնելն անգամ մեզ համար երազանք ու հաջողություն էր, Ռիո մենք մեկնել էինք մեդալների համար պայքարելու նպատակով: Ինչ-որ բան մենք սխալ արեցինք: Ու դրա «մեղավորն» առաջին հերթին ես եմ որպես գլխավոր մարզիչ: Հիմա պետք է վերլուծենք, գտնենք դա: Լարվածություն, իհարկե, կար: Ինքս մրցավար էի ու շատ լարված էի: Ես գտնում եմ, որ ցանկացած մարզաձեւում մենք հոգեբանի կարիք ունենք: Գուցե, լարվածությունը խանգարեց», – ասաց գլխավոր մարզիչը:

Հարցին՝ գուցե պատճառն այն էր, որ ինքը որպես օլիմպիական մրցավար իրավունք չուներ շփվելու իր սան մարզիկների հետ, Հակոբ Սերոբյանը պատասխանեց. «Հարությունի ու Արթուրի հետ է հավաքականում իմ օգնական Սոս Սարգսյանը, որը լավագույն մասնագետներից մեկն է: Ես ոչ մի բանով առավելություն չունեմ: Բոլոր քայլերին տեղյակ եմ եղել: Էնպես չի, որ ես կողքները կանգնած լինեի, կկախարդեի ու ամեն ինչ լավ կլիներ»:

Հարություն Մերդինյանն իր հերթին ասաց, որ վնասվածքներ, ցավեր, առողջական խնդիրներ ոչ միայն ինքը, այլեւ ցանկացած մարզաձեւի ներկայացուցիչ միշտ էլ ունենում են թե մարզումների ընթացքում, թե մրցումների: Հոգեբանական ծանրաբեռնվածությունն էլ իրենց մշտական ուղեկիցն է: Նա իր համեմատական անհաջող մասնակցության ավելի հավանական պատճառ համարեց վերջին մի քանի օրվա հիվանդությունը, գումարած՝ գերհոգնածությունը: «Ուժերս ուղղակի սպառվել էին: Այդպես ասեմ: Դրա համար չկարողացա եզրափակչի օրը հավաքվել ու վարժությունս կատարել», -ասաց Մերդինյանը, որին հայ մարզասերը համարում է ընթացիկ մրցաշրջանում մեր մարզական հերոսներից մեկը: Իսկ Արթուր Դավթյանն իր մրցելույթների մասին ասաց. «Բոլորս էլ գիտեինք, որ եզրափակիչ մտնելու հնարավորություն կար: Ուղղակի իմ պարագայում սպորտային բախտը չբերեց: Ուրիշ բան չկա. Ոչ ծնկի վնասվածք, ոչ մեկ ուրիշ բան: Թեեւ այդ վնասվածքը կարող էր ինչ-որ դեր խաղալ»:

Հակոբ Սերոբյանը ավելացրեց, որ առջեւում Տոկիոյի օլիմպիական խաղերն են եւ իրենք այս ընթացքում թույլ տված վրիպումներն ու սխալները վերացնելով չորս տարի հետո ավելի լավ հանդես գալու նպատակ են դրել իրենց առջեւ: «Ձեզանից շատերը գիտեն, թե ինչ պայմաններում ենք մարզվում մեր մարզադպրոցում: Բայց ես ապագայի համար լիահույս եմ: ՀԱՕԿ-ը ամեն բան արել է լավ մասնակցության համար: Ավելի քան վստահ եմ, որ եկող քառամյա ցիկլում էլ ամեն բան անելու է: Բայց խնդիրներ, այնուամենայնիվ, կային՝ ժամանակակից դահլիճ, ժամանակակից գործիքներ, որոնք վստահ եմ կլինեն: Ռիոյում միջազգային ֆեդերացիայի նախագահը մոտեցավ ինձ, շնորհավորեց: Զարմացա, որովհետեւ մեդալ չունեինք: Նա ասաց, որ այս արդյունքները մեզ համար մեդալ են, որովհետեւ ինքը գիտի մեր պայմանները: Ու խոսք տվեց, որ $ 100 հազար արժեցող համալիր մարզագույքով կաջակցի, որովհետեւ մենք աշխարհում ուժեղագույններից մեկն ենք:»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031