Էրեբունի բ/կ բժիշկներն այսօր այցելելով դատապարտյալների հիվանդանոց եզրահանգել են՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ, դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Հովհաննես Հարությունյանին դեռ վիրահատություն հարկավոր չէ: Հիշեցնենք, որ Հովհաննեսը ոտքից վիրավոր է:
«Բժիշկներն ասացին, որ պետք է վերքը լավանա, հետո նոր վիրահատություն անեն կամ պարզ չէ՝ վիրահատություն կլինի, թե՝ ոչ: Սպասում են վերքի լավանալուն, ոչ մի նոր բան չասացին»,- Aravot.am-ին ասաց Հարությունյանի պաշտպան՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Նրա խոսքով, իր պաշտպանյալին երեկ ռենտգեն են արել, երեկ չէ առաջին օրն էլ ոտքին գիպս էր դրվել, վերջին երկու օրերին փոքր-ինչ տեղաշարժ կա. «Կրունկը մի քիչ հանգստացել է, չնայած ցավերը նույնն են, ոսկրային ցավեր»:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իր պաշտպանյալի նկատմամբ սրտացավություն տեսնո՞ւմ է, թե պարզապես ցանկություն չկա վիրահատելու, ի պատասխան. «Վիրահատությունը, ըստ իրենց, պետք է արվի ապաքինվելուց հետո: Խոսում եմ որպես պաշտպան, չեմ ուզում կասկածի տակ դնել բժիշկների ասածը, բայց այն, որ գիպս է դրվել, այդքան օր հետո է դրվել, ամեն դեպքում, մի քիչ տարօրինակ է»:
Կարդացեք նաև
Հայարփի Սարգսյանը նաեւ ասաց, որ ամենայն հավանականությամբ, վաղը դատապարտյալների հիվանդանոցը թույլ կտա Հովհաննես Հարությունյանի մոր ընտրած բժիշկներն այցելել Հովհաննեսին: Հիշեցնենք, որ այսօր նշված բժիշկներին թույլ չտվեցին, որովհետեւ չունեին իրենց հետ փաստաթուղթ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ