Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի`«Միայնակ գայլի» կալանքի հիմնավորվածության եւ խափանման միջոցը փոխելու հարցերով բողոքների քննությունը: Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի վաղը`ժամը 11.00- 13. 00-ի սահմաններում:
Դատարանի դահլիճում Արայիկ Խանդոյանը հայտարարել է, որ իր կալանավորումը քաղաքական պատվեր է եւ ինքը դատարաններից արդար որոշման ակնկալիք չունի: Նույն կարծիքին է պաշտպան Արա Ղարագյոզյանը. «Համոզված եմ, որ դատարանն արդեն որոշում ունի, պարզապես կնիք է պետք»: Գործով քննիչն, ըստ պաշտպանի առարկել է Արայիկ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելը: Պաշտպաններն էլ ներկայացրել են Խանդոյանի անցյալը, մարտական ուղին`փաստելով, որ նման մարդը որեւէ տեղ չի փախչի:
Պաշտպանն ասաց, որ Արայիկ Խանդոյանը չի անսացել Ալեք Ենիգոմշյանի հորդորին եւ չի հանելու իր թեկնածությունը: Քարոզարշավին մասնակցության հնարավորությունների հետ կապված հարցեր դեռ չեն հասցրել քննարկել:
Կարդացեք նաև
Դատն ուղեկցվում էր ակցիայով, որի մասնակիցները վանկարկում էին`«Ազատություն քաղբանտարկյալներին», «Սասնա ծռեր», «Հերոս Արայիկ» եւ այլն: Ակցիային մասնակցում էին նաեւ Արայիկ Խանդոյանի անչափահաս զավակները: Նրա դուստրը գոռում էր`«Ազատություն մեր հերոս պապային»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ