Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. «Անդրիաս Ղուկասյանից կարծես հատուկ վրեժ են լուծում»

Օգոստոս 24,2016 17:06

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքը: Հիշեցնենք, Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը բողոքարկել էր իր պաշտպանյալի ձերբակալման օրինականության հարցը: Ինչպես նաեւ, առաջարկել էր Անդրիաս Ղուկասյանին եւս գրավի դիմաց ազատ արձակել: Դատարանը մերժել է երկու բողոքներն էլ: Անդրիաս Ղուկասյանը դեռեւս առնվազն մեկ ամիս կմնա անազատության մեջ:

Անդրիաս Ղուկասյանին, հիշեցնենք, ձերբակալել էին հունիսի 30-ի առավոտյան: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:

Sasna_Crer_Lusine_Khachatry

 

Փաստաբանն ակնհայտ է համարում փաստը, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Իբրեւ իր հայտարարության ապացույց, նա իրեն իրավունք վերապահեց դռնփակ դատական նիստից մի դրվագ ներկայացնելու. «Դատարանը հատուկ հարց ուղղեց Անդրիաս Ղուկասյանին, թե եթե նա ազատ արձակվի, արդյոք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը: Անդրիաս Ղուկասյանն, իհարկե, պատասխանեց, որ ինքն իր գործունեությունը շարունակելու է եւ որեւէ փոփոխություն իր գործունեության ու ընդդիմադիր կեցվածքում չի լինելու: Ակնհայտ է, որ սա շատ էական նշանակություն ունեցավ եւ դատավորը նույնիսկ չհասկացավ, որ ինքը պետք է գոնե քողարկված որոշում կայացնի: Եթե մինչ այս պահը մենք նշում էին, որ նա քաղաքական հետապնդումների զոհ է, քաղաքական բանտարկյալ է, այսօր արդեն դատարանն էլ իր գործողություններով դա հիմնավորեց»:

Armen_Martirosyan

Լուսինե Սահակյանն ասաց, որ եթե մինչեւ այժմ տարբեր պաշտոնյաներ հեռախոսով կամ առանձնազրույցների ժամանակ էին իր պաշտպանյալին սպառնում, որ եթե շարունակի իր ընդդիմադիր գործունեությունը, ապա անազատության մեջ կհայտնվի, ապա այսօր ակնհայտ դարձավ, որ նրանք կատարեցին իրենց խոստումը`արձանագրվող դատական նիստի պայմաններով:

Փաստաբանն էական է համարում նաեւ դատավորի ով լինելը ու եզրակացնում է, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք. «Կարծես թե հատուկ վրեժ են լուծում իրենից`իր ելույթներով պայմանավորված»:

Այսօր, ի դեպ, Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 24-րդ օրն է: Փաստաբանն ասաց, որ նա շարունակելու է իր հացադուլը:

Andrias_Gukasyan_4

Լուսինե Սահակյանն ընթերցեց նաեւ իր պաշտպանյալի հայտարարությունը, որով Անդրիաս Ղուկասյանը հանրությանը համախմբման կոչ է անում, իսկ երիտասարդությանը`նախաձեռնողականության եւ առավել ակտիվության: Լուսինե Սահակյանը լրագրողներին ասաց նաեւ, որ իր պաշտպանյալը դատարանում ելույթ է ունեցել, ներկայացրել իր դիրքորոշումները, որոնք հայտնի են:

Լուսինե Սահակյանը պնդում է, որ ոչ առաջին ատյանում, ոչ էլ վերաքննիչ դատարանում ոչ դատախազը, ոչ քննիչը իր պաշտպանյալի ձերբակալության համար որեւէ հիմք, ապացույց չեն ներկայացրել: Դատարանն իր այսօրվա որոշումը հիմնավորել է նրանով, որ քանի որ գործը նախաքննության փուլում է, Անդրիաս Ղուկասյանը կարող է դատավարության մասնակիցների վրա ազդեցություն գործադրել:

Andrias_Gukasyan_3

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ով նույնպես ազատ արձակվեց գրավի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր եւ մյուսների օրինակով կարծում էր թե գրավի դիմաց ազատ արձակելու տենդենցը շարունակվելու է: «Եթե Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ էլ նման որոշում կայացվի, ապա նշանակում է, որ ինչ-որ իրավիճակ է փոխվել, նորից որոշել են իրենց ապօրինի գործունեությունը շարունակեն: Իսկ եթե Հովսեփին ազատ արձակեն, կնշանակի, որ Անդրիասի նկատմամբ անձնական հաշվեհարդար են տեսնում»:

Andrias_Gukasyan_2

Անդրիաս Ղուկասյանի կինը`Անահիտ Թարխանյանն էլ ամուսնու նկատմամբ վերաբերմունքը միանշանակ քաղաքական է համարում: Ասում է, երեկ ողջ գիշեր նրա վերջին ելույթներն է նայել. «Արտահայտվում է շատ պարզ, ոչ թե էմոցիոնալ, զգացմունքային, այլ հստակ նշելով այս կամ այն հոդվածները, որոնց համար նույն Սարգսյանը որտեղ է մեղավոր, որտեղ խնդիր ունի եւ ինչի համար պարտավոր է պատասխան տալ: Էդպիսի մարդուն դժվար թե բաց թողնեին, հազիվ իրենց ձեռքն է ընկել»: Տիկին Թարխանյանն ասաց նաեւ, որ ինքն այնուհանդերձ, գրավի գումարն առանձնացրել էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031