Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուլսարի շահագործմամբ գարշահոտություն, փոշու մեծ ծավալ ու թունավոր նյութեր են արտանետվելու շրջակա միջավայր (Տեսանյութ)

Օգոստոս 24,2016 16:05

Վայոց ձորում` Գնդեվազ համայնքում շահագործվող Ամուլսարը, որից պետք է ոսկի արտահանեն, բնապահպանների համոզմամբ, «իսկական փորձանք է, դառնալու շրջակա միջավայրի գլխին»: Այսօր «Էկոլուր» ակումբում «Հայաստանի անտառներ» հ/կ նախագահ Նազելի Վարդանյանը թվարկեց բոլոր այն վտանգները, որոնք առաջանալու են հանքի շահագործմամբ:

«Լինելու է փոշու շատ մեծ ծավալ, գարշահոտություն եւ վիբրացիա: Իրենք նախկինում հերքում էին, բայց հիմի իրենք են նշում , որ բաց ապարներից լվացվելու է ե’ւ նիտրատները եւ այլ ծանր մետաղներ ու Մենդելեեւի աղյուսակի բոլոր նյութերը լցվելու են ստորգետնյա ջրավազան եւ դա ներծծվելու է ու լցվի սեւանա լիճ: Ջերմուկ քաղաքը սնուցող հիմնական խմելու ջրի աղբյուրներն ընդհանրապես ցամաքելու են»:

Մանրամասները` տեսանյութում

Նշենք, որ Ամուլսարից ոսկին արդյունահանելու է «Գեոթիմ» ընկերությունը, որի ներդրումային ծրագրով նախատեսված է 370 միլիոն դոլար դնել այս գործի մեջ: Ըստ բնապահպանների, այս ծրագիրն իրագործվելու դեպքում, բացի այն, որ տարածքի այգիների բերքն ու բարիքն այլեւս չի լինելու էկոլոգիապես մաքուր, քանի որ հանքի շահագործումից արտանետվելու են թունավոր նյութեր, հանքի շահագործումը սպառնում է նաեւ Ջերմուկի՝ որպես տուրիստական քաղաք լինել-չլինելուն: Հանգստյան գոտի համարվող Ջերմուկը շատ մոտ է գտնվում Գնդեվազին, ուստի հանքավայրի գոյությունը կսպառնա քաղաքի էկոլոգիային՝ ընդերքից դուրս եկող հանքային ջրերի բաղադրությանը, հարակից տարածքների բուսատեսակներին ու կենդանատեսակներին, որոնցից շատերն, ըստ բնապահպանների, նույնիսկ «Կարմիր գրքում» են գրանցված: Այսինքն, ըստ բնապահպանների, 370 միլիոն ներդնելու են, սակայն միլիարդների վնաս են պատճառելու:

Վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց, որ Ամուլսարի տարածքում կան կրիտիկական վիճակում գտնվող բույսեր, 25, տեսակի կենդանիներ` երկու տեսակի սողուն, 15 տեսակի թռչուն եւ 4-5 տեսակի կաթնասուն: Ըստ նրա, հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերությունը ցանկություն է հայտնել Վայրի բնության հիմնադրամի հետ համատեղ ստեղծեն Ջերմուկ ազգային պարկ, սակայն պարոն Մանվելյանը հրաժարվել է, պատճառաբանելով, որ ինքը ոչ որպես մասնագետ, ոչ էլ քաղաքացի, չի կարող այդ ծրագիրն իրագործել, քանի որ, ըստ նրա, «չի կարելի մի կողմից քանդել բնությունը, մյուս կողմից Ազգային պարկ ստեղծել»:

Բնապահպանների ներկայացմամբ Ամուլսարի տարածքում բացի արժեքավոր բույսերից ու կենդանիներից կան հնագույն դամբարաններ, սակայն դրանց կարեւորություն չի տրվել եւ հանքի շահագործմամբ հիմնահատակ քանդվելու են: Ինչ վերաբերում է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներին, ապա կառավարությունը դրանք տեղափոխելու որոշում է կայացրել: Համաձայն այդ որոշման, ընդերքօգտագործման գոտիներից կարող են այդ բուսատեսակները տեղափոխվել բուսաբանական այգիներ եւ այլ վայրեր: Մինչդեռ բնապահպանները նշեցին, որ այդ բուսատեսակները պետք է իրենց արիալում աճեն:

Բնապահպան Լեւոն Գալստյանի ներկայացմամբ, Ամուլսարի սեփականատերը օֆշորում գրանցված ընկերություն է եւ նրա ներդրումային ծրագիրը հաստատվել է «կասկածելի պայմաններում» եւ իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

«Գեոթիմի» ներկայացմամբ՝ նախատեսվում է ոսկու կորզումն իրականացնել Գնդեվազի տարածքում գտնվող տարալվացման հարթակում: 2015 թվականին նշված տարածքից ընկերությունն արդեն ձեռք է բերել ավելի քան 230 հողակտոր (130 հա), որոնք ընկած են տարալվացման հարթակի տարածքում: Շինարարությունը նախատեսվում է իրականացնել երկու տարվա ընթացքում: Ընկերությունը կառավարությանը հավաստիացրել է, որ շինարարության եւ դրան հաջորդող ամբողջ ժամանակահատվածում կիրականացվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ, ծրագրի շինարարության տարբեր փուլերում կբացվեն մինչեւ 1300 աշխատատեղեր, որոնց մեծ մասը կհամալրվի տեղի եւ շրջակա համայնքների աշխատուժով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031