Լրահոս
Օրվա լրահոսը

«Շաքի» ջրվեժը չի պահպանվում Բնապահպանության նախարարության անգործության հետևանքով

Օգոստոս 24,2016 15:22

«Շաքի» ջրվեժի մասին գիտեն շատերը: Ավանդության համաձայն օտար զավթիչներից մեկը, տեսնելով հայուհի Շաքեի գեղեցկությունը, հրամայում է նրան բերել իր մոտ: Շաքեն չի ենթարկվում զավթիչի հրամանին և իրեն գցում է բարձր ժայռից, այդ ժամանակ գեղեցկուհու զգեստը բացվում է և վերածվում ջրվեժի:Ահա այսպես էլ առաջացել է ջրվեժի անվանումը` Շաքի:

Հիմա փակվել է զգեստը, վերացել ավանդությունը, վերացել է նաև Շաքին. Չէ որ ջրվեժը չի կարող լինել բացովի և փակովի: Ավելին հրապարակումների համաձայն` ջրվեժի բացման և փակման համար վճարում են նույնիսկ 5-ից 10 հազար դրամ, որոշ դեպքերում էլ կարելի է խնդրել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերության ներկայացուցչին, սպասել, մինչև ջրվեժը անվճար միացնեն և մի քանի րոպեով վայելել այն: Ստացվում է, որ բնության հուշարձան հանդիսացող «Շաքի» ջրվեժը ի հակառակ ավանդույթի նվաճվել է մասնավոր ընկերության կողմից, և դարձել եկամտի աղբյուր: «Շաքի» ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի ձախակողմյան Շաքի վտակի վրա: Ջրվեժի բարձրությունը 18 մ է: Այն Հայաստանի ամենաբարձր և գեղեցիկ ջրվեժն է և ժամանակին հանդիսացել զբոսաշրջային վայր: ՀՀ կառավարության 2008 թվականի oգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշման համաձայն հանդիսանում է նաև բնության հուշարձան:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:», իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:»:
Սակայն իրականում, ՀՀ օրենսդրության համաձայն բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Շաքի» ջրվեժը չի պահպանվում` Բնապահպանության նախարարության անգործության հետևանքով:

«Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շաքի» ՓՀԵԿ–ի շահագործման հետևանքով «Շաքի» ջրվեժ բնության հուշարձանն ուղղակի անհետանում է, իսկ Շաքի գետը` Շաքիի ջրվեժից մինչև գետաբերան վերածվել է ռիսկային ջրային մարմնի՝ ջրի էկոլոգիական հոսքը չպահպանվելու պատճառով, որն ամրագրված է ՀՀ կառավարության կողմից հաստատված հարավային գետավազանային կառավարման պլանում:

Առնվազն տարօրինակ և անհասկանալի է այն, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը սկզբում թույլատրում է «Շաքի» ՓՀԷԿ-ի աշխատանքը, հաշվի չառնելով հետևանքները, այնուհետև 2016 թվականին նախատեսում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման պայմանների վերանայում, ներառյալ՝ ջրառի ծավալ և ռեժիմ, համապատասխանեցում բնապահպանական պահանջներին: Առավել տարօրինակ է, որ միայն 2017 թվականին է նախատեսում ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիների՝ հատուկ պահպանվող տարածքներ, անտառային տարածքներ, սողանքային գոտիներ, ջրաբանական խոցելի տարածքներ, սահմանում:

Civil voice-ը իր կոչ-պահանջն է ուղղում Բնապահպանության նախարարությանը`օր առաջ ապահովել ջրվեժի բնականոն գոյությունը:

Մանրամասները կից տեսանյութում.

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031