Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Ավետիսյանների սպանությունը ամբողջությամբ բացահայտված չէ»

Օգոստոս 24,2016 14:05

«Ավետիսյանների ընտանիքի սպանության հարցով քննությունը իրականացվել է կոպիտ խախտումներով»,- օգոստոսի 24-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության քննչական մարմինը հնարավորություն չի ունեցել քննությունը լիարժեք իրականացնել: Արթուր Սաքունցի խոսքերով՝ դա խոչընդոտվել է Ռուսաստանի Դաշնության քննչական մարմնի կողմից՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործի հարուցմամբ:

«Քննչական այն գործողությունները, որոնք իրականացրել են Ռուսաստանի Դաշնության քննչական մարմինները, նրանցում Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների իրավահաջորդները ներգրավված չեն եղել: Կարեւոր քննչական գործողություններ են կատարվել, քննչական փորձարարություններ, որտեղ ներգրավված չեն եղել եւ չեն կարողացել պատշաճ իրենց շահերը եւ իրավունքները ներկայացնել այդ ի սկզբանե ապօրինի քննչական գործողության մեջ»,- ասաց նա:

Արթուր Սաքունցը նշեց, որ հայտնի չէ, թե ինչպես է Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տնից հայտնվել սահմանամերձ տարածքում. բացի Պերմյակովի խոսքից այլ ապացույց չկա. «Եթե Պերմյակովը Ավետիսյանների տանը 15 րոպեների ընթացքում առնվազն 1 ծխախոտ ծխել է, ապա այդ 12-20 ժամվա ընթացքում, որ պատսպարվել է, 1 հատ հետք չկա, որ Պերմյակովն այնտեղ է: Փաստերը պետք է համակցել մարդու վարքագծի տեսակետից, եւ եթե կա նման հակասություն, ապա հարց է առաջանում, թե ինչպես է գլանակը հայտնվել այնտեղ»:

Իրավապաշտպանը համարում է, որ Ավետիսյանների սպանությունը ամբողջությամբ բացահայտված չէ. «Դատարանը ջանքեր չգործադրեց գործով կարեւոր վկաներին դատարան բերման ենթարկելու համար, եւ նաեւ ռուսական ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ էլ մեր քննչական մարմինը, չնայած միջնորդություններ ներկայացրել ենք, քննչական գործողություններ չկատարեց: Ոստիկանությունն էլ առանձնապես ջանքեր չի գործադրել մասնավորապես Պերմյակովին հայտնաբերելուց հետո վերադարձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության հսկողության ներքո: Ավելին՝ դատարանը հանձնվեց ռուսական ռազմաբազայի հսկողությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031