Մասիսում իշխանությունը գործի է դրել ճնշումների մեխանիզմը: Հիշեցնենք, որ աշնանը Արարատի մարզի Մասիս քաղաքում եւս քաղաքապետի ընտրություններ են, հիմնական մրցակիցներն են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուները`Դավիթ Համբարձումյանը եւ Կարո Օհանյանը: Վերջինս ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է:
Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ երեկ աշխատանքից ազատել են Ոստիկանության Մասիսի բաժնի պետի տեղակալ Ռաֆիկ Շուշանյանին: Վերջինս քավոր-սանիկական կապերի մեջ է ԲՀԿ-ական թեկնածու Կարո Օհանյանի հետ:
«Երեկ Շուշանյանը համապատասխան զրույցի է հրավիրվել: Նրան ասել են, որ պետք է աշխատի ՀՀԿ-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանի օգտին: Շուշանյանը հրաժարվել է: Զրույցին հետեւել է նրա`աշխատանքից ազատման հրամանը: Շուշանյանի տեղում արդեն նոր աշխատակից է նշանակվել»,- ասաց տիկին Զոհրաբյանը`հավելելով. «Սա է իշխանության`ազատ եւ արդար ընտրությունների գնալու ձեռագիրը: Իշխանությունը ոչնչից դաս չի քաղում եւ շարունակում է նույն բռնաճնշումների, ահաբեկումների, աշխատանքից ազատելու, մերձավորներին ահաբեկելու իր գործելաոճը: Բնական է, պաշտոնական հայտարարություն կտարածվի եւ որեւէ այլ պատճառաբանություն կներկայացվի, թե ինչո՞ւ են Շուշանյանին աշխատանքից ազատել, բայց իրական պատճառն այն է, որ իրենից ցուցակ են պահանջել`ՀՀԿ-ի թեկնածուի օգտին եւ նա հրաժարվել է»:
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ իշխանությունները նույն մեթոդներով սկսել են աշխատել նաեւ Գյումրիում: Ինչպես հայտնի է, Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի կինը`Վարդանուշ Գրիգորյանն օրերս ազատման դիմում էր գրել «Անի-պարտեզ» մանկապարտեզի տնօրենի պաշտոնից: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ եւ մանկապարտեզում եւ Գյումրու մանկավարժական ինստիտուտում այսօր աուդիտ են սկսել ու հավանաբար առաջիկայում «բացահայտումներ» կանեն: «Առանց այդ էլ երկրում իրավիճակը խստագույնս լարված է, մի փորձեք նման այլանդակություններով սրել առանց այդ էլ լարված իրավիճակը: Ոչ մանկապարտեզում, ոչ ինստիտուտում ոչինչ չեք գտնելու»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ