Սույն թվականի սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին), և ավտոմեքենաները կհամարվեն պատշաճ ապահովագրված՝ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի ավտոմեքենան վարման հանձնելու դեպքում՝ առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու:
Ուշադրություն՝
– Հորդորում ենք ավտոմեքենան վարման հանձնել միայն կարգապահ վարորդների, քանի որ ավտոմեքենայի վթարի արդյունքում կիրառվող բոնուս-մալուս համակարգը տարածվելու է միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ:
– Մինչև սույն թվականի սեպտեմբերի մեկը կնքված և այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերն սեպտեմբերի մեկից ինքնաշխատ կհամարվեն անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ կնքված, և այդ պայմանագրերում ևս վարորդներ ավելացնելու, փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ԱՊՊԱ համակարգի կայունության և շարունակականության ապահովման, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդների ընտրության հարցում ռիսկերի կառավարմանն աջակցելու նկատառումներով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն կշարունակի հաշվառել վարորդների վթարների վիճակագրությունը (ապահովագրական պատմությունը), ինչի մասին ընդհանրացված տվյալներ կարելի է ստանալ օն-լայն եղանակով Բյուրոյի կայքի միջոցով:
Ապահովադիրների բոնուս – մալուս համակարգին անցման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների վիճակագրության հիման վրա որոշակի ռիսկային գործակիցների ճշգրտման արդյունքում սույն թվականի սեպտեմբերի մեկից ԱՊՊԱ սակագնային համակարգն ունենալու է նոր կառուցվածք: ԱՊՊԱ սակագների նոր կառուցվածքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Կատարված փոփոխությունների արդյունքում կատարվել են ռիսկային գործակիցների ճշգրտում (ավելացում կամ պակասեցում), ինչպես նաև սակագների հաշվարկից հանվել են վարորդների տարիքը և վարորդական ստաժը հաշվի առնող ռիսկային գործակիցները:
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո