Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. Պատասխանատվության չենթարկվեցին ռուս պաշտոնյաները, որոնք Պերմյակովին զենք էին տրամադրել

Օգոստոս 24,2016 13:16

«Ակնհայտ էր, որ Վալերի Պերմյակովը պետք է մեղավոր ճանաչվեր»,- օգոստոսի 24-ին «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Անդրադառնալով դժգոհություններին՝ Լուսինե Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դատավարության հիմնական նպատակը պետք է լիներ, որ հետագայում նման հանցագործությունները բացառվեին: Մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնության զինվորների կողմից բազմաթիվ հանցագործություններ են կատարվել այդ թվում՝ ծանր, սպանություններ նաեւ: Դա պատահական չէ, որովհետեւ հատկապես այս գործի քննության ընթացքում էլ պարզ դարձավ, թե ինչպես են ընտրվում զինվորները, որոնք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն»:

Լուսինե Սահակյանը ընդգծեց, որ Հայաստանը աքսորավայր է ռուս զինվորների համար. «Հայաստանի Հանրապետություն տեղափոխվում են այն զինվորականները, որոնք խնդիրներ են ունեցել Ռուսաստանի Դաշնությունում՝ դասալքություններ, տարբեր տիպի հանցագործություններ, որոնք ամենավատ զինվորականներն են եղել, այդ կապակցությամբ էլ իրենք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն:

Պերմյակովը, որն ուներ առողջական շատ լուրջ խնդիրներ, որն 8 անգամ դասալքություն էր կատարել, բազմիցս տարբեր հոգեբուժական բաժանմունքներում բուժում էր ստացել, եւ Ռուսաստանի Դաշնությունում նրան արգելվել էր զենք կրել: Չգիտես՝ ինչու՝ տեղափոխվել էր Հայաստանի Հանրապետություն, եւ նրան տրամադրվել էր զենք: Նրան արգելվել էր զենք կրել այն իմաստով, որ բժիշկը գտել էր, որ նրա համար մարդկային կյանքը որեւէ արժեք չունի»:

Լուսինե Սահակյանի խոսքերով՝ գործով դատավորը շատ զգուշավոր էր Ռուսաստանի դեմ կայացնելիք իր որոշումներում եւ անդրադարձ չի կատարի այն հանգամանքին, թե ինչու պատասխանատվության չենթարկվեցին այն ռուս պաշտոնյաները, որոնք զորակոչել էին բանակ եւ զենք էին տրամադրել Պերմյակովին. «Իհարկե՛, Հայաստանի Հանրապետության դատարանը չէր կարող նրանց դատել, դա պետք է Ռուսաստանի Դաշնությունն աներ, որը չէր արել եւ կարճել է այս գործերը: Սակայն, Հայաստանի Հանրապետության դատարանը պետք է փաստեր այն ծնող պատճառները, որոնց թվում նաեւ դա էր, որի արդյունքում նման հանցագործությունը հնարավոր դարձավ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031