ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվեց Վահագն Ղումաշյանի կալանքի վերաբերյալ փաստաբան Հայկուհի Հարությունյանի վերաքննիչ բողոքն ու մերժվեց:
Վահագն Ղումաշյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություններ կատարելու մեջ:
Փաստաբանն այսօր դատական նիստից հետո ներկայացրեց վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած մի փաստաթուղթ, որը թեեւ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքերը պետք է ներկայացներ, բայց մեղադրանքին վերաբերում էր ընդամենը հինգ տողով, մնացածը՝ երկու էջով նկարագրվում էր, թե զանգվածային միջոցառումների ժամանակ ինչ են արել Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը:
«Եվ ինչ-որ մի տեղ՝ այս հատվածում, (խմբ. ցույց է տալիս փաստաթուղթը) երեւի, որ դատարկ տեղ է եղել անուն, ազգանունը տեղավորել են, առանց տրամաբանության, կապի՝ ամիս, ամսաթիվ, տեղ, ժամանակ, չկա, անուն, ազգանունը տեղավորել են ու մեղադրանք առաջադրել»,- ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Իր պաշտպանյալի գործի նյութի մեջ փաստաբանն առանձնացրեց նաեւ այլ անհասկանալի փաստեր. «Թվով հինգ մեքենաներ, որոնք որ այդ իրադարձությունների ժամանակ վնասվել են, սեփականատերերը՝ չպարզված, վնասվածքները՝ ում կողմից են, ինչի հետեւանքով են պատճառվել, հայտնի չէ: Ներկայացվել են 20-ի հասնող տուժողներ, թե ովքեր են դրանցից ոստիկաններ ու որ մեկն է տուժել Վահագնի կողմից՝ չկան տեղեկություններ, նշումներ»:
Փաստաբան Հարությունյանն ասաց, որ արդեն մի քանի օր է՝ փորձում են հասկանալ, թե նշված արարքներում որտեղ է իրենց պաշտպանյալ Ղումաշյանը ու չեն կարողանում. «Օգոստոսի 3-ից դիմում ենք ունեցել ու մինչեւ հիմա վարույթ իրականացնող մարմինը որեւէ գործողություն չի իրականացրել, քննիչներն անընդհատ ասել են՝ այսօր, վաղը: Ավելի ուշ քննիչներին գրավոր հայտնել ենք, որ Վահագը տվյալներ ունի հայտնելու, եկեք բացատրություն, ցուցմունք վերցրեք, որ գոնե իմանաք՝ ուր է եղել այդ մարդը: Այսօր դատարանը, երբ գնաց խորհրդակցական սենյակ որոշում վերցնելու, քննիչն ինձ ասում է՝ այսօր գնա՞նք ցուցմունք վերցնենք»:
Հայկուհի Հարությունյանը նաեւ դատարանին է ներկայացրել իրենց պաշտպանյալի ընկերների բերած ապացույցները, որով հստակ հաստատվում է՝ նշված օրը դեպքի ժամանակ Վահագը չի եղել դեպքի վայրում. «Ոստիկանները գնացել են Վահագին տնից վերցրել, տարել են, այս փաստաթղթերը գրել-մրել են ու տարել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Նույն քննիչը Վահագի երեսը երկու անգամ չի տեսել, որ գոնե հիմա ճանաչի Վահագին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում