Հանկարծամահ է եղել իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Այս մասին հայտնում է «Ասպարեզ« ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը. «Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա եւ նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ եւ որքան կարողացավ»:
Կան մարդիկ, որոնք ապրում են,սակայն իրենք էլ չգիտեն ինչի և ում համար, չունեն նպատակ, չունեն ձեռագիր, չունեն իրենց ետևից թողած հետք: Միկան այն եզակի մարդկանցից է, ով եռում էր, ապրում էր, ցավում էր ուրիշի ցավով, և այդ ամենի հետ միաժամանակ անուղղելի կենսուրախ անձնավորություն… Քո բացակայությունը միշտ զգացվելու է մեր կողքին: Միկ, դու ինձ համար միշտ մնալու ես ներկայում…