Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում լայն համախմբում չի լինելու. «Հայկական ժամանակ»

Օգոստոս 24,2016 10:55

Գյումրիի քաղաքապետի ընտրությունների դեպքում կարծես թե այնքան էլ չի ստացվում ընդդիմադիր ուժերի լայն համախմբումը, որը ամիսներ առաջ նախաձեռնել էր ԳԱԼԱ հեռուստաընկերության ղեկավար Վահան Խաչատրյանը։

Վերջինս այդ նպատակով բանակցություններ է ունեցել «Ժառանգություն», ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Համախմբում» եւ այլ կուսակցությունների հետ։ ՔՊ-ն հայտարարել է ընտրություններին առանձին մասնակցելու մասին, «Ժառանգությունը» վերջերս հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին, քանի որ ձերբակալված են կուսակցության երեք առանցքային դեմքերը՝ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը։ Առաջին երկուսին օրեր առաջ թեեւ ազատ արձակեցին, բայց միեւնույն է, «Ժառանգությունը» չփոխեց իր դիրքորոշումը։ Մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում Վահան Խաչատրյանը փոխանցեց, որ անգամ այս դեպքում այդ կուսակցության հետ որոշակի համագործակցությունը չի բացառվում։ Կօգտագործվի «Ժառանգության» մարդկային ռեսուրսը, միգուցե որոշ անդամներ ընդգրկվեն ավագանու իրենց ցուցակում։

Իսկ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետ քննարկումները դեռ շարունակվում են։ Բանակցում են նաեւ «Հայազն», «Առաքելություն» եւ այլ կուսակցությունների հետ, ու մի քանի օրից պարզ կդառնա, թե ինչպես են մասնակցելու ընտրություններին, թեկուզեւ փոքրաթիվ կուսակցություններով՝ բայց համախմբում ի վերջո լինելո՞ւ է, թե՞ ոչ։

Որոշ տեղեկությունների համաձայն, այս պահին կուսակցությունների հետ բանակցություններն այնպիսի արդյունք են տվել, որ մեծ է հավանականությունը, թե արդեն ԳԱԼԱ նորաստեղծ կուսակցությունը հոկտեմբերի 2-ին Գյումրիի քաղաքապետի ընտրություններին առանձին մասնակցի։ Ինքը՝ Վ. Խաչատրյանը, չբացառեց այդ հնարավորությունը եւ խոստովանեց, որ նախապես պատկերացրած լայն համախմբումը չի ստացվում։ Վերջինս նախընտրական մեծ դաշինք կազմելու նախաձեռնության չստացվելը բացատրեց ընտրություններին մասնակցել- չմասնակցելու, մասնակցության ձեւաչափի եւ այլ հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերի դեռ հստակ կողմնորոշվածություն չունենալով, ինչպես նաեւ՝ ամբիցիաներով։ «Ճիշտն ասած՝ ես ավելի լուրջ կարծիք ունեի քաղաքական ուժերի մասին, հիմա փոխել եմ»,- ասաց նա։

Ի դեպ, նշենք, որ Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունների առաջադրման մեկնարկից անցել է արդեն յոթ օր, եւ ընդամենը հինգ օր է մնացել փաստաթղթերի ներկայացման համար, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողով դեռ որեւէ կուսակցություն մասնակցության դիմում չի ներկայացրել։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031