Ինձ թվում է` մեր կարեւորագույն խնդիրներից է բոլոր տեսակի քննարկումները բերել բանական (ռացիոնալ), քաղաքական դաշտ: Այստեղ, գոնե ինձ համար, սահմանը միանգամայն հստակ է: Օրինակ՝ «Սասնա ծռերի» հետ կապված: 25 տարվա անարդյունավետ կառավարումը, համատարած կոռուպցիան, հասարակության պահանջմունքներին անհաղորդ լինելը հասարակության որոշակի շերտերի մոտ առաջացրել են փակուղու, անելանելիության զգացողություն: Հենց այդ պատճառով էլ այդ շերտերի ներկայացուցիչները չեն դատապարտում եւ նույնիսկ հակառակը` ողջունում են զինված ներքաղաքական պայքարը, որն, ուղղված լինելով իշխանությունների դեմ, ճիշտ նույն չափով ուղղված է պետության եւ դրա ինստիտուտների դեմ: Բանական, քաղաքական գնահատականը դա է:
Իհարկե, նման դատողությունը «լայքեր» չի բերում ու ոչ մեկի մեջ (նաեւ իմ մեջ) բուռն հրճվանք չի առաջացնում: Փոխարենը, եթե որեւէ մեկը գրի` «ազգի նվիրյալներ», «մի խումբ ռոմանտիկներ», «ազնիվ պոռթկում», «ազգային-ազատագրական պայքար», «ներքին թշնամի» եւ այլն, դա շատերի սիրտը կստիպի թրթռալ, որովհետեւ դրանք հուզական գնահատականներ են, որոնք կիրառելի են քարոզչության մեջ, բայց որեւէ նշանակություն չունեն իրավիճակի սթափ գնահատման համար:
Հատկապես կուզեի անդրադառնալ «ներքին թշնամի», «ներքին թուրք» եւ նման «ֆիդայա-բոլշեւիկյան» եզրերին: («Դրո» կառույցն, օրինակ, ժամանակին մի քանի մարդու մահապատիժ որոշել ու իրականացրել էր` «հանուն ազգի», իհարկե): Ոմանք ունեն «ներքին թշնամիների» ցուցակներ եւ պատրաստ են դրանք հրապարակել: Շատ լավ, հրապարակեք, բայց կողքն էլ գրեք, թե այդ ցուցակից ում ինչ է հասնում` վառել, կախել, գնդակահարել եւ այլն: Նրանք, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, նաեւ թող մի փոքր տեղեկատվություն տան այն մասին, թե արդյոք իրենք պատրա՞ստ են անձամբ ժամանել հայրենիք` այդ կառափնարանները սարքելու, թե՞ այդ գործն իրականացնելու են remote control-ով: Ինձ հետաքրքիր է նաեւ իմանալ, թե ով է հաստատում «ներքին թշամիների» ցուցակը` «ամբո՞ղջ հայ ժողովուրդը», Ժիրայր Սեֆիլյա՞նը, «ներքին Ասալա՞ն», «ջհուդներին» չսիրող բարսելոնյան մասաժի՞ստը: Այն մոտեցումները, որոնք տանելի են պետության բացակայության պարագայում, լավ թե վատ պետության պայմաններում դառնում են բացարձակապես անընդունելի: «Ախր, պետություն չկա» հակափաստարկը ուղիղ ճանապարհ է զրոյացնելու այն, ինչ գոյություն ունի:
Կրկնեմ այն, ինչ մի քանի անգամ արդեն ասել եմ` մենք չունենք «ներքին թշնամիներ», մենք ունենք քաղաքացիներ, որոնք խախտել են օրենքը եւ պետք է կանգնեն դատարանի առջեւ, եւ քաղաքացիներ, որոնք օրենքը չեն խախտել ու դատարանի առջեւ չպիտի կանգնեն: Թե ինչպես են աշխատում մեր դատարանները՝ մենք գիտենք: Որպեսզի դատարանները լավ աշխատեն, բոլորս պետք է պայքարենք (խաղաղ, անզեն), բայց սկզբունքը մնում է նույն է` «ժողովրդի դատաստան» չի կարող լինել, դատել կարող է միայն «դատարան» կոչվող պետական ինստիտուտը:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
== Որպեսզի դատարանները լավ աշխատեն, բոլորս պետք է պայքարենք (խաղաղ, անզեն),… ==
Գոնե հավատում ե՞ք Ձեր գրածին…
Կարծում եմ դեռ հիշում եք, որ ՀՀ դատական համակարգը վերջնականորեն ոչնչացվեց Ռ. Քոչարյանի կողմից, երբ ՛՛Ռոյալ Արմենիայի՛՛ գործով ոչ իշխանահաճո / ընդ որում՝ հակակոռուպցիոն / վճիռ կայացնելու պատճառով, սակայն այլ պատրվակով դատական համակարգից հեռացվեց Պարգև Օհանյանը:
Իսկ թե ինչ եղավ հետո՝ մեր աչքի առջև է. համակարգի հետագա բարոյալքումն ու իր այսօրվա վիճակն ապահովեց ավելի քան ութ տարի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը հայ հասարակությանը առավել հայտնի է խոսքի և գործի համընկնման աննախադեպ ու ֆանտաստիկ ցուցանիշով:
Դատարանների լավ աշխատելուն ուղղված պայքարն ավելի ուտոպիական է, քան հենց ինքը՝ Ուտոպիան: Հայտնի է, չէ՞, որ հետևանքների դեմ ուղղված պայքարի արդյունավետությունը անգամ զրոյից է ցածր, քանի որ այդ ընթացքում պատճառը, մնալով ստվերում, պարզապես ՛՛ծաղկում է ապրում՛՛, ընդունելով ավելի ու ավելի այլանդակ տեսք ու չափեր:
Ի վերջո՝ կարո՞ղ եք նշել ՛՛թույլատրելի՛՛ պայքարի մի ձև, որը մինչ այժմ չի կիրառվել…
միայյն մի հարց-
ոնց եք տարբերակում իշխանությանը /իշխանություններին/ և պետությոնը:
կասեք սահմանն ու չափանիշները:
Մնացածին իհարկե համաձայն եմն- ծեծված ճշմարտություններ են, թեև չեն ընկալվում շատերի կողմիչց միգուցե:
Խորհրդային Հայաստանում մարդիկ պատրաստակամորեն հնազանդվում էին խաբեությանը: «Անկախ» Հայաստանում` նույնպես: Այն, որ Փուրթուլը 30 կոպեկանոց «Սալյուտ»- ը վաճառում էր 40 կոպեկով, գիտեր եւ Դեմիրճյանը եւ հանրապետության բոլոր ղեկավարները: Ոչխարի համար ԲՈւՀ ընդունվելը 10 օխչարի գին ուներ: Օրինականությունը առանց կաշառքի համարվում էր ապուշություն: «Անկախ» Հայաստանում` նույնպես: Համատարած կոռուպցիան «Անկախ» Հայաստանում օրինականացրեց առաջին նախագահը եւ նրա պետական ապարատը: Հիշեք Խաչիկ Ստամբոլցյանի գթության ֆոնդը, …
Իհարկե, մենք չունենք «ներքին թշնամիներ , մենք ունենք քաղաքացիներ, որոնք խախտել են օրենքը եւ պետք է կանգնեն դատարանի առջեւ: ճիշտ կլիներ ասել` կանգնեն դատարանում, դատավորի առջեւ: Իսկ ո՞վ է դատավորը: Հայաստանի քաղաքացի: Ինչպես ցանկանում է, այնպես էլ դատում է, տիրոջ աչքը լույս, գրպան էլ լիքը:
Սերոժը ստեղծեց «ցռան վերգո»-ներին եւ անվանեց «Սասնա ծռեր», խայտառակելով Սասնա Ծռերին: Ցանկանում էի մնալ չոր, բայց չստացվեց: 25 տարի…
Ի՞նչ ազգային-ազատագրական պայքար: Ի՞նչ դատարան: Թատրոն:
Ցանկանում էին մնալ չոր, բայց չստացվեց: 25 տարի…
Եթե քաղաքացին իր ընտրության համար պատասխանատու լինի, ապա նրա ընտրյալը պատասխանատու կլինի իրեն ընտրող քաղաքացու հանդեպ: Դրա համար գաղտնի կոչված ընտրությունները պետք է փոխարինել բաց թափանցիկ ընտրություններով: Այսպիսով, գյուղացին կընտրի գյուղապետին, իսկ գյուղապետերն էլ բաց թափանցիկ ընտրությամբ կընտրեն շրջանի պետին, սա էլ մի մակարդակ վերեւ մինչեւ հանրապետության նախագահ ու ազգային ժողովի պատգամավորներ: Ընտրության արդյունավետությունը ոչ թե գաղտնիության մեջ է, այլ ընտրողի ու ընտրյալի պատասխանատվության մեջ է:
Եթէ ձերբակալված անձիքը, իրենց արտահայտած կարծիքների չափով ու տարողութեամբ (իմա` բառացիօրէն բացարձակապէս) անգոյ են նկատում օրէնքի նվազագոյն եւ տարրական իսկ կերառումը Հայաստանում, լիովին անիրավացի (illegitimate) են համարում դատարանը, պէտք է որ ուրեմն զերծ մնան անդադար, բազմատեսակ դիմումներ ներակայցնելէ, օրէնքի հիման վրայ, այդ իսկ դատարաններին:
Էական հակասութիւնից զատ, դատարանին ներկայացված այդ տեւական դիմումներով, արդէն իրենք ճանաչում, ընդունում եւ հաստատում են դատական ատեանի իրավացիությունը, անոր պետական հեղինակությունը, եւ գոնէ հաւատք են հայտնում Օրէնքի կիրառման նկատմամբ:
Այլ խօսքով՝ անարխիստ ես, կամ ել չես: Չի կարելի մօտաւորապէս հղի լինել… Եթէ դատարանը գոյություն չունի, խի՞ ես անկէ բան խնդրում: Եթէ Օրէնք վաբշե չկա, այն աստիճան որ դու ել չես ենթարկվելու որեւէ օրէնքի, ո՞նց ես դիմումներ կատարում, Օրէնքի հիման վրայ:
Դատական գործընթացում այդ անձերի կամքով տեղի ունեցող իրարանցումին նպատակը եթէ թղթածրարներ պատրաստել է՝ ներկայացնելու համար Եւրոդատարան, անգիտակցութեան մակարդակը երեւի կարծվածից աւելի վատ է:
Արդարեւ, գոնէ՝ բիրտ եւ մահացու արարքի ուղղակի հեղինակների պարագային, այդ արտաքին դատարանի կեցուածքն ու որոշումը, հիմնականորէն, լինելու է նոյնը քան Հայաստանի դատարաններինը: Նոյնիսկ, այդ օտար ատեանը այս պահին արդէն շատ հպարտ լինելու չէ՝ նախկինում իր արձակած կարգ մը որոշումներով, այժմ լաւապէս տեսնելով թէ իր առջեւ ներկայացած կարգ մը անձերի նպատմամբ անհիմն չէր Հայաստանի պետութեան վերաբերմունքը:
Կատարված արտակարգ հանցագործութեան հետ կապ ունեցող ձերբակալվածների կողմէ Հայաստանի դատարաններում մղած զաւեշտը կը միտի ուրեմն միայն հայոց պետութիւնը այդտեղ եւս վարկաբեկելու, ինչպէս նաեւ զբաղում հայթայթելու այս իւրահատուկ «սուփըրսթար»ների հետաքրքրական երկրպագուներին:
Միայն Հայութիւնը կարող էր արտադրել այսպիսի կացություն մը: Զարմանալի չէ, քանզի գիտենք արդէն թէ մենք բացառիկ ենք: Աննման ազգ: Ընտրեալ ժողովուրդ:
Վերեւի մեկնաբանությունս երբ որ ներկայացուցի,
տակաւին չէի կարդացած հետեւեալ խիստ շահեկան յօդվածը՝
https://www.aravot.am/2016/08/15/726329/
ուր պաշտպան փաստաբաններից իսկ մին ուղղակի խոստովանում է վերեւ պարզած կէտերէս մին – եւ դեռ՝ աւելիո՛վ – ,
հաստատելով հետեւեալը [բառացի մէջբերում] ՝
«Դժվար կլինի ՄԻԵԴ-ում հիմնավորել հիմնավոր կասկածի բացակայությունը: Իրենք տեսնում են, որ կա ահաբեկչություն, նախադեպեր կան, որտեղ ասում են՝ 1-2 ամիս կարող են խափանման միջոցը կալանավորելն ընտրել: Իրենք այլ պատկերացումներ ունեն: Ես ձեռնպահ կլինեմ հենց առաջին հերթին վիճարկելու ՄԻԵԴ-ում: ՄԻԵԴ-ի համար սա ահաբեկչություն է, իրենք հայ չեն, որ իմանան ինչ է այստեղ կատարվում այդպես են ընկալում»:
«ՄԻԵԴ-ի համար սա ահաբեկչություն է»
(ամբաստանեալների պաշտպան փաստաբանն է խօսողը…)
«իրենք հայ չեն, որ իմանան ինչ է այստեղ կատարվում այդպես են ընկալում»:
Ուրեմն, հիմա ել հանկարծ Հայաստանում ձերբակալվողները փաստաբանները ուզում են որ Եւրոդատարանը Հայաստանի պարագային ինքնատիպ եւ իւրահատուկ ըմբռնողութիւն ունենա, շեղելով Օրէնքի վերաբերեալ նորմալ սկզբունքներից… Այս ալ իրոք նորութիւն է…
—– Գոնէ հաւատում էք ձեր գրածին — ես ալ Պ.Մախսուտեանի հետ հարց կու տամ;
Արդար ցանկութիւններ արտայայտելը /խմբագրի մը համար/ հաճելի է ընթերցողներուն.բայց
դուք եւս կը նկատէք որ մեր պարագային պատմական այնպիսի հակասութիւններու մէջ կը
գտնուինք որ կրնայ 25 դար տեւել քանի մեր ” ներքին թշնամին ” իսկապէս գոյութիւն ունի
եւ իր գոյութիւնը կը յաւերժացնէ զինու-զօրութեամբ – Գերբնական հրաշք մը հարկաւոր է այս
փակուղիէն դուրս գալու համար ;Ոչ զինեալ ապստամբութիւն`ոչ ալ հրապարակային
զգացական ճառեր այլ համբերատար հոգիով պատրաստել ուժեր որ գերադասեն
իմացականութիւնը ,գերադասեն բանականութիւնը որոնց շնորհիւ ,պատմութեան ընթացքին
տարած ենք բազմաթիւ մնայուն յաղթանակներ;