Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը Հեղինե Դարբազյանի սպանության համար նրա ամուսնուն դատապարտեց 11 տարի և 6 ամիս ազատազրկման

Օգոստոս 24,2016 08:07

Օգոստոսի 23-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հեղինե Դարբազյանի սպանության գործով վերջին դատական նիստը, որի ավարտից հետո դատարանը հրապարակեց վճիռը:

Դատական նիստի ընթացքում հրապարակվեց մեղադրանքի շարժառիթների փոփոխման փաստը, ըստ որի, Հեղինե Դարբազյանի ամուսնական դավաճանության մեղադրանքը հերքվեց:

Դատարանի վճռին ընդառաջ` դատախազը և տուժող կողմի դատապաշտպանը հանես եկան վերջնական ճառերով՝ ներկայացնելով այն մեղմացուցիչ և մեղքը ծանրացնող հանգամանքները, որոնցով նպատակ ունեին ազդելու դատարանի որոշման վրա:

Դատախազն իր ճառում նշեց, որ չնայած այն բանին, որ Հեղինե Դարբազյանը չի գործել ամուսնական դավաճանություն, նույնիսկ անհավատարմության փաստը որևէ դեպքում չի՛ կարող դատարանի կողմից ընդունվել որպես մեղմացուցիչ հանգամանք ամբաստանյալի նկատմամբ:

Դատախազն ընդգծեց նաև, որ անչափահաս երեխաների հանգամանքը չի կարող համարվել մեղմացուցիչ ամբաստանյալի համար, քանզի երեխաները չեն գտնվում նրա խնամակալության ներքո: Նա, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 232.4 և 104.1 կետերը, առաջ քաշեց ամբաստանյալին համապատասխանաբար ընդհանուր 12 տարի ազատազրկման ենթարկելու հայցը և հորդորեց դատարանին որոշումը կայացնելիս առաջնորդվել բացառապես օրենքով:

Տուժողի իրավահաջորդ Քրիստինե Դարբազյանի դատապաշտպան Սեդա Սաֆարյանն իր ճառում առարկեց դատախազի որոշումը ամբաստանյալին 12 տարի ազատազրկելու վերաբերյալ, հավելելով, որ հանցագործությունը համարվում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն, որը դատապարտվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104.2.5 կետով, բացի դա, սպանությունն ունի կանխամտածվածություն, շահադիտական նպատակներ և Հեղինեի արժանապատվության ստորացմանն ուղղված միտումներ, որոնք միանշանակ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության տարրեր են: Հեղինե Դարբազյանի մահից հետո նրա բարոյականության վրա ստվել գցելով սեփական պատժի չափը մեղմացնելու շահադիտությունը պետք է ևս համարվի որպես պատիժը ծանրացնող հանգամանք ամբաստանյալի համար:

Լսելով կողմերի ճառերը, առարկությունները և մեկնաբանությունները` դատարանը ի վերջո վճռեց դատապարտել ամբաստանյալ Արտակ Առաքելյանին 11 տարի և 6 ամիս ազատազրկմամբ, ինչպես նաև ի օգուտ տուժող կողմի, բռնագանձել նրանից 1.600.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում Հեղինե Դարբազյանի թաղման արարողության համար:

Դատարանը հայտնեց կողմերին, որ նրանք ունեն 1 ամիս ժամանակ ցանկության դեպքում վճիռը վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար:

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հետ համատեղ հետամուտ լինելով այս գործի արդար և թափանցիկ քննությանը` բազմաթիվ անգամներ շեշտել է Ընտանեկան բռնության մասին օրենք ունենալու խիստ անհրաժեշտությունը նման դեպքերի կանխարգելման, կանանց համապատասխան աջակցության տրամադրման և բռնարարին արդար պատժի սահմանման համար: Կասկած չկա, որ պետության կողմից իրականացված մի շարք բացթողումների հետևանքով է, որ ընտանեկան բռնության դեպքերից շատերը մնում են անպատիժ կամ ունենում նման ճակատագրական ավարտ:

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031