Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքային ԲՀԿ-ականները պահանջում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը

Օգոստոս 24,2016 14:30

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանը Գագիկ Ծառուկյանի
վերադարձը քաղաքականություն համարում է հասարակական պահանջ

– Այս ամառը Հայաստանում լի էր քաղաքական եւ մերձքաղաքական իրադարձություններով: Ո՞րն է այս ամենին Ձեր գնահատականը:

– Վերջին իրադարձությունները հերթական անգամ փաստեցին իշխանության եւ ժողովրդի միջեւ առկա օտարվածության իրողությունը` դրանից բխող սոցիալական դրսեւորումներով: Էլ ավելի ակնառու դարձավ հասարակություն-իշխանություն հարաբերություններում առկա անջրպետը: Հանրության կողմից քաղաքական ուժերի հանդեպ վստահությունը այլեւս լրջագույն կասկածի տակ դրվեց` անորոշությամբ համակելով հասարակության ամենատարբեր շերտերին: Ծայրահեղ գործողությունները նույնպես չբերեցին սպասվող հանգուցալուծման՝ կրկին ծնելով բարոյահոգեբանական հիասթափություն եւ դատարկություն: Անելանելիությունը ամրագրվեց որպես քաղաքական դիմագիծ, որի արդյունքում չեն բացառվում տարաբնույթ ու տարաբովանդակ, նույնիսկ ծայրահեղ եւ ասոցիալ դրսեւորումները:

Քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային ինստիտուտների կազմալուծումը եւ պարզունակացումը, հասարակության մեջ գերիշխող համատարած անորոշությունը պարարտ հող են ստեղծում մասսայական մարգինալ երեւույթների դրսեւորման համար: Հոռետեսական տրամադրությունները, պատվասիրության անկումը, սպասումների չիրականացումը, անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ, նիհիլիստական վերաբերմունքը նոր իրողությունների հանդեպ ստեղծել են մի իրավիճակ, երբ բռնությունը, անարդարությունը դարձել են քաղաքական մշակույթի մաս, որը ժողովրդին ուղղորդում է հիասթափությունների: Երկիրը ցնցվում է շարունակական սթրեսային, բացասական զգացմունքային շրջափուլերի ցիկլում: Խաղաղ ընդվզումը կարծես սպառել է իրեն, ուժային ընդվզումը կործանարար փակուղի է տանում:

– Իսկ ելք տեսնո՞ւմ եք, եւ ո՞րն է այն:

– Այսօր հայաստանյան իրականության մեջ խախտվել է քաղաքական դաշտի ուժային հաշվեկշիռը, այսինքն՝ իսպառ բացակայում է այն քաղաքական բեւեռը, որն ի զորու կլինի դիմակայել հանրապետականների միաբեւեռ ուժային գործոնին: Օրախնդիր է համարժեք հակակշիռ քաղաքական ուժի գոյակցության իրողությունը, որը կգեներացնի հանրության դրական սպասումները՝ դրանով իսկ քանդելով անըմբռնելիության եւ անտարբերության պատը հասարակության եւ իշխանության միջեւ, եւ որի արդյունքում առկա բեւեռների միջեւ հնարավոր կլինի ձեւավորել եւ զարգացնել ժողովրդավարական եւ առողջ քաղաքական մշակույթ: Հայաստանյան իրականության մեջ ընդդիմության կարծրատիպը իշխանության կողմից ասոցացվում է ատելություն եւ թշնամանք մարմնավորող ուժի հետ, մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում ծայրահեղականությունը որեւէ աղերս չունի ընդդիմության կերպարի հետ: Դիմություն-ընդդիմություն հարաբերությունները խարսխված են հանդուրժողականության եւ փոխլրացման, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի իրականացման վրա:

Միայն բազմաբեւեռ քաղաքական հավասարարժեք ուժերի առկայությունը կարող է ապահովել հասարակության բնականոն զարգացման ներդաշնակությունը, վեր հանել հանրային կյանքի բացերն ու խութերը, ժողովրդի պահանջմունքներն ու կարիքները, հնարավորություն ընձեռել իրացնելու ժողովրդի ազատ, արդար ընտրությունների անցկացման սահմանադրական իրավունքը: Սա է երաշխիքը առաջիկա ընտրություններում` ապահովելու ժողովրդի կամարտահայտման հնարավորությունը իշխանության ձեւավորման գործընթացում: Այլեւս ժամանակն է ներմուծել առաջատար երկրների քաղաքական-հասարակական ավանդույթները, որոնք այդ հասարակություններին արժանավայել կեցության հնարավորություն են ընձեռել:

– Ո՞ր քաղաքական ուժերը կարող են ձեւավորել երկրորդ բեւեռ:

– Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը անելանելիության զգացումից ելնելով՝ ապավինում է իր գենետիկ կոդին, իր արմատներին, հերոսացած կերպարներին, գերբնական ուժերին, ազգային էպոսին՝ այլեւս սպառելով հույսը գործող քաղաքական ուժերից: Բայց չէ՞ որ իրականության մեջ ժողովուրդը ընդունել էր իր հերոսին, որն իր էպոտաժային կերպարով զգում էր ժողովրդի շնչառությունը, կարիքները, ժողովրդի կողքին լինելու պատեհությունը, նրա հոգսը իր ուսերին վերցնելու խիզախությունը: Ժողովուրդն իր հերթին ապավինում էր իր հսկայի բազկին եւ անթաքույց հրճվում-հպարտանում էր նրա լինելիությամբ՝ որպես իրենց հոգսին ականջալուր, ցավին դարմանող, հույսին թեւ տվող, որպես պարզ հայի տեսակ, իր հոգու մեջ ամբարած հայ շինականի կերպարով:

Այսօր, երբ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հրամայականը իշխանության եւ նույնիսկ ծայրահեղ ընդդիմության պահանջն է, առավել քան երբեւէ ժողովուրդը սպասում է իր բզկտված հույսը եւ երերուն հավատը կենդանացնող բարի հսկային: Գրեթե բոլոր համայնքներում մեր բազմաթիվ հանդիպումներում հայ շինականի աչքերում չհասկացված հարց կա` ո՞ւր է հայի մեր տեսակը, եւ պահանջ կա վերադարձի: 500.000 վստահության քվե տված ժողովուրդն իրավունք ունի պահանջելու Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական դաշտ: Սա հանրային պահանջ է, որը պետք է սպասարկի պետության շահը` ի դեմս ժողովրդի: Ազգային համաձայնությունից առաջ ազգային հաշտություն պետք է կնքվի, որի շահառուներից մեկը Գագիկ Ծառուկյանն է: Երկրորդ ուժային բեւեռը ի վիճակի է ձեւավորելու հենց Գագիկ Ծառուկյանը` իր հիմնադրած քաղաքական ուժի եւ ժողովրդի գլխավորությամբ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքային անդամները մեր բոլոր հանդիպումներում Ծառուկյանի վերադարձի պահանջն են հնչեցնում` ակնկալելով միայն դրական պատասխան: Ծառուկյանի վերադարձին սպասում են բազմաթիվ ներդրողներ արտասահմանից, որոնք վստահում են նրա տարիների բոլորանվեր եւ տքնաջան աշխատանքի արդյունքին: Անշուշտ, Ծառուկյանն իր բազմաթիվ բարեգործական ծրագրերով եւ մարզաշխարհում իր ներդրումներով օգնում է երկրին, սակայն ազգային համախմբման գործում նրա ներկայությունը նոր շունչ կբերի ժողովրդին: Ծառուկյանի կերպարը զսպվածության եւ առնականության սիմվոլ է ժողովրդի գիտակցության մեջ:

Դրական սպասումները, հույսը, հավատը շաղախվում են Ծառուկյանի վերադարձով: Եվ ես` որպես հայ մարդ, հնչեցնում եմ հանրային պահանջը. այն է` Գագիկ Ծառուկանի վերադարձը:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

23.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031