Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

150 ուսանող «կտրվել» է ավարտական քննությունից

Օգոստոս 24,2016 13:30
bjshkakan

ԿԳ նախարարը որոշել է պարզել՝
դա հանձնաժողովի՞ մեղքն է, թե՞ ուսանողների

Վերջերս ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել էր Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների մի խմբի: Հանդիպմանը մասնակցել էին նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Լյովա Խաչատրյանը: Պետական ավարտական քննությունների արդյունքներից բողոքող ուսանողներն ահազանգել էին, որ իրենց կուրսի 400 ուսանողից շուրջ 150-ն անբավարար է ստացել:

ԿԳ նախարարության ուղարկած հաղորդագրության մեջ նշվում էր, որ ուսանողները նախարարին խնդրել են աջակցել պետական ավարտական քննության արդյունքները վերանայելու եւ կրկին քննություն նշանակելու հարցում: Իսկ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել էր շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որով սահմանափակում է պետական ավարտական քննության վերահանձնումը, միաժամանակ մտահոգություն էր հայտնել անբավարար գնահատականներ ստացած ուսանողների տոկոսային հարաբերության վերաբերյալ:
«Առավոտը» ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ մի՞թե նորմալ է, որ մի քանի տարի սովորելուց հետո ուսանողը քննություն է հանձնում ու «կտրվում», արդյոք դա միայն ուսանողի՞ մեղքն է, թե՞ դասախոսներն էլ են թերացել կամ հանձնաժողովն է ոչ ճիշտ չափորոշիչներով առաջնորդվել քննությունն ընդունելիս:

«Անկախ դրանից դա 10%-ի շրջանակում է, թե ինչ է, պետք է ամեն դեպքում յուրաքանչյուր ուղղությամբ հասկանանք, թե որն է խնդիրը, որովհետեւ ստացվում է՝ կամ դասախոսներն իրենց պարտականությունը չեն կատարել, կամ ընդունող հանձնաժողովը չափորոշիչային սխալ է թույլ տվել: Ի վերջո պետք է հասկանանք, թե յուրաքանչյուր ուղղության վրա ի՞նչ կա, մանավանդ «կտրվածները» տվյալ պարագայում շատ մեծ թիվ են կազմում: Իմ անձնական կարծիքով պետական քննության համար նույնիսկ 10% կտրվածներն են շատ: Ի վերջո դա պետական քննություն է, այսինքն՝ կյանք մտնող լիարժեք մասնագետի մասին է խոսքը: Երբ ընդունելության քննությունների ժամանակ խոսում ենք, որ 10%-ի անբավարար ստանալը նորմալ է, նույնը չենք կարող ասել ավարտական արդյունքի մասին: Այստեղ չպետք է տոկոսներով խոսենք, այլ պետք է հասկանանք, թե ինչպես է պատահում, որ անցնում են տարիները, մասնագետը ձեւավորվում է, եւ մեկ էլ հանկարծ պետական քննությունից «անբավարար» է ստանում»,- ասաց ԿԳ նախարարը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ հարցին ԲՀԿ-ական պատգամավորների «խառնվելուն»: Այս մասին էլ Լեւոն Մկրտչյանն ասաց. «Իմ կարծիքով՝ կրթությունը պետք է փորձենք քաղաքական ծանրաբեռնվածությունից ազատել, չնայած ցանկացած ուսանող կարող է դիմել որեւէ պատգամավորի: Մյուս կողմից էլ՝ եթե դիմեին մեզ, մենք իրենց կընդունեինք, դիմել են պատգամավորների, ու էլի իրենց ընդունել ենք»:
«Առավոտը» թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով փորձեց կապվել նաեւ Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ: Համալսարանի քաղաքային հեռախոսահամարները չէին պատասխանում, իսկ պարոն Նարիմանյանի բջջայինն արդեն քանի օր է՝ անջատված է:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

23.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031