Պտտվում են ամենաանհավանական վարկածները
Գեղանկարիչ Իվան Կրամսկոյի «Անծանոթուհին» աշխատանքը դեռ հեղինակի կենդանության օրոք ինչ-ինչ խոսակցությունների տեղիք էր տվել: Բոլորին հետաքրքրում էր, թե ով էր նկարում պատկերված կինը:
Կրամսկոյն իր «Անծանոթուհին» նկարել է 1883 թ., կտավն այժմ ցուցադրվում է Տրետյակովյան թանգարանում: Գեղանկարում պատկերված է գեղեցիկ ու ինքնավստահ մի կին, այն դիմանկար է՝ Սանկտ Պետերբուրգի Նեւսկի պողոտայի վրա Անիչկովի պալատի ֆոնին։ Կինը բաց կառքի մեջ է, հագնված է ըստ 1880-ական թվականների վերջին նորաձեւության։ Փետրավոր թավշե գլխարկով է, մորթե, ժապավեններով զարդարված վերարկուով։ Կրում է նուրբ կաշվե ձեռնոցներ։ Նա տիրական, խորհրդավոր եւ մի փոքր էլ թախծոտ հայացք ունի։
Նկարիչը չի բացել գաղտնիքը, եւ այսօր տարբեր վարկածներ են շրջանառվում ամենահայտնի «Անծանոթուհին» նկարի շուրջ:
Ոմանք գտնում են, որ նկարի գեղեցկուհին Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինայի» գլխավոր հերոսուհին է՝ Աննա Կարենինան, ոմանց համոզմամբ էլ՝ Դոստոեւսկու «Ապուշի» Նաստասյա Ֆիլիպովնան: Ասում են նաեւ, որ «Անծանոթուհին» ոչ թե գրական, մտացածին, այլ լրիվ իրական կերպար է, օրինակ՝ ազնվական Բեստուժեւի գեղջկուհի կինը՝ Մատրյոնա Սավիշնան: Որոշ արվեստաբանների համոզմամբ էլ, նկարի տիկինը ընդամենը հարուստ ու թանկարժեք հագնված կանանց հավաքական կերպար է:
«Անծանոթուհին» արտաքնապես հիշեցնում է նաեւ նկարչի դստերը, որը պատկերված է Կրամսկոյի «Աղջիկը կատվի հետ» նկարում: Գրող, պատմական ուսումնասիրությունների հեղինակ Իգոր Օբոլենսկին էլ այլ վարկած է առաջ քաշել. նկարում պատկերվածը ոչ այլ ոք է, քան իշխանուհի Վառվառա Տուրկեստանիշվիլին, որը Ալեքսանդր Առաջինի սիրեցյալն է եղել եւ անգամ նրան դուստր է պարգեւել: Սակայն որոշ ժամանակ անց կայսրը կորցրել է դստեր ու Վառվառայի հանդեպ հետաքրքրությունը, ինչը ավարտվել է Վառվառայի ինքնասպանությամբ: Մի խոսքով, անծանոթուհուն բացահայտելուն միտված տեսակետները շատ են, սակայն նրանցից որեւէ մեկը փաստված չէ զորեղ ապացույցներով:
Պատրաստեց
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ըստ kulturologia.ru-ի
«Առավոտ»
23.08.2016