Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանում բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Օգոստոս 23,2016 21:33

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ բացվել է «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին  ներկայացվել է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ իրադարձությունների, այդ թվում նաև Երևանի զարգացման ժամանակագրությունը: Ավելի քան 130 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

Շնորհավորելով ցուցահանդեսի բացման առիթով՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում հատկանշել է, որ ներկայացված աշխատանքները կարևոր ու պատմական են նաև մայրաքաղաքի կյանքում՝ արձանագրելով Երևանի զարգացումը.

«Խորհրդանշական այս օրը՝ Անկախության հռչակագրի ընդունման օրը, քաղաքապետարանի հարկի ներքո բացվող այս ցուցահանդեսով մենք, ըստ էության, տալիս ենք ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: Երևանի քաղաքապետարանն այս առումով նախապատրաստել է մի շարք հետաքրքիր միջոցառումներ, որոնք կանցկացվեն ինչպես մայրաքաղաքի վարչական շրջաններում, այնպես էլ՝ քաղաքապետարանում», – նշել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով աշխատանքներին, ընդգծել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին:

«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի  հիմնադիրտնօրեն Պավել Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ նկատելով, որ վերջին տարիներին մայրաքաղաքի մշակութային առօրյան, հատկապես ամռանը հագեցած է միջոցառումներով, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում Երևանի մշակութային կյանքը:

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 5-ը, որից հետո այն  կներկայացվի նաև Նյու Յորքում և Գլենդելում, իսկ հոկտեմբերին՝ Փարիզում և Մոսկվայում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031