Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պերմյակովն այն անձն է, որի համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի». Լուսինե Սահակյան

Օգոստոս 23,2016 21:15

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Սահակյանը ամփոփում է այս գործով արձանագրված արդյունքները:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը, նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: «Դատական նիստերի մեր մասնակցությամբ կարեւոր խնդիր էինք դրել մեր առջեւ՝ առնվազն գոնե կանխվեն հետագայում նմանատիպ հանցագործությունները: Շատ կարեւոր էր, որ ֆինանսական պատասխանատվության ենթարկվեր ՌԴ-ն, նաեւ պատասխանատվության ենթարկվեին որոշ պաշտոնատար անձինք, որոնց մեղքով զենքը հայտնվել է Պերմյակովի ձեռքին:

Երկրորդ խնդիրը, որ մեր առջեւ դրել էինք, շատ դժվար էր  լուծել Հայաստանում, իրավական առումով անհնար, շատ կարեւոր էր, որ դատարանը քաղաքացիական հայցով անդրադարձ կատարեր, իսկ տեսանք, որ դատարանը որեւէ գործողություն չկարողացավ անել: Այս գործի բացը համարում եմ հենց դա, որ, ըստ էության, ՌԴ-ն պատասխանատվության չի ենթարկվել, չի զգացել այն խնդիրը, որ իր մեղքով իր զինվորը յոթ հոգու կյանք է խլել»,-Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, Պերմյակովի կատարած հանցագործության նախաքննությունը բազմակողմանի է իրականացվել. «Դատարանում հնարավորություն ունեցանք այդ ամենը հետազոտելու, պարզ էր, որ հանցագործություն կատարած անձը հենց Պերմյակովն է, յոթ հոգի անմեղ զոհ է դարձել նրա համար, որ հիվանդ մարդու ձեռքին զենք է հայտնվել»:

Սպանության շարժառիթը ձեզ հաջողվե՞ց պարզել մեր հարցին, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Նա նպատակ էր ունեցել հագուստ ձեռք բերել, իսկ թե ինչու այդ գործողությունները հանգեցրին սպանությանը, այդ թվում նաեւ մանկահասակ երեխային սպանելը, հնարավորություն ունեցանք հետազոտել այն բոլոր ապացույցները, որոնք խոսում էին նրա հիվանդագին վիճակի մասին:  Հենց այդ վիճակով էր պայմանավորված իր odnoklassniki սոցիալական կայքի իր անձնական էջի  պատի գրառումները՝ պայմանագիր սատանայի հետ եւ այլն: Սա փաստորեն այն անձն է, որի համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի: Սա պարզ էր ոչ միայն նրա գրառումներից, այլեւ նրանից, որ բազմաթիվ հոգեբուժարաններում նա բուժում էր ստացել, ինչի համար էլ նրան արգելվել էր զենք կրելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031