Արմավիրի մարզի Ապագա գյուղում այսօր տեղադրվել է խաչքար` նվիրված ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններում զոհված զինծառայող Հովսեփ Կիրակոսյանի հիշատակին: Երկու երեխաների հայրը հերոսաբար զոհվել է Մատաղիսի դիրքերը պաշտպանելիս: Գյուղապետարանի դիմաց գտնվող պուրակը եւս անվանակոչվել է Հովսեփ Կիրակոսյանի անունով:
«Փորձում եմ շատ ուժեղ լինել, բայց հնարավոր չի լինում, որովհետեւ այնպիսի ամուսին եմ կորցրել…Հպարտ եմ, մյուս կողմից էլ` տխուր, որ այսօր կողքիս չէ: Հպարտությունը ծածկում է իմ վիշտը: Մի քանի օր առաջ մեր ամուսնության հինգ տարին էր, բայց առանց նրա…ուղղակի չեմ ուզում ոչ մի ընտանիք այսպիսի վիշտ տեսնի: Սա ամենադաժան բանն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հովսեփ Կիրակոսյանի այրին` Մարիամը:
Ապագայի գյուղապետ Արտաշես Բարսեղյանն էլ պատմեց, որ ըստ ծառայակիցների` Հովսեփն իր զինվորներին հրամայել է մնալ խրամատում, իսկ ինքը միայնակ դուրս է եկել հակառակորդի դեմ ու վիրավորվել: «Մեր կողքին հերոս է ապրել, իսկ մենք չենք իմացել այդ մասին»,-նկատեց գյուղապետը:
Կարդացեք նաև
Խաչքարի վրա փորագրված է կապիտանի վերջին պատգամն իր զինվորներին` տրված վիրավոր ժամանակ` մահից ժամեր առաջ. «Տղեք, ես լավ եմ, դուք կռվեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ