«Ինձ ասացին, որ Հովհաննես Հարությունյանի հետազոտություններն անցկացրել են, ուղարկել են Էրեբունի հիվանդանոց: Վաղը ժամը 2-3-ինն իրեն այցելելու են Էրեբունի կենտրոնից բժիշկները, որոնք մինչ այժմ զբաղվել են իր բուժմամբ եւ վիրահատության համար վերջնական եզրակացություն կտան»,- լրագրողների հետ զրույցում պատմեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա հանդիպել էր հիվանդանոցի տնօրենի հետ: Հովհաննես Հարությունյանին եւ «Սասնա ծռերի» մյուս անդամներին տեսակցել, պատգամավորին թույլ չէին տվել:
«Իրենք ասում են, որ պատշաճ բուժօգնություն տրամադրում են, բայց քանի չունենք մեր բժշկի եզրակացությունը, փաստաբաններն էլ հակառակն են պնդում, մենք իրենց չենք հավատում»,- ասաց նա: Հիշեցնենք, այսօր ՄԻՊ գրասենյակի մոտից բողոքի ակցիա էր մեկնարկել`ի պաշտպանություն դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռերի» անդամների:
Ակցիայի մասնակիցներն այնուհետ երթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն: Մոտ մեկ ժամ է, նրանք դատապարտյալների հիվանդանոցի հարակից տարածքում են: Մամուլի շենքի մոտից, կարմի բերետավորների պատը ակցիայի մասնակիցներին թույլ չտվեց մտնել ՔԿՀ-ի բակ:
Կարդացեք նաև
Տեղեկություններ կան, որ ՔԿՀ-ում գտնվող խմբավորման անդամների փաստաբաններն այս պահին ներսում են, տեսակցում են իրենց պաշտպանյալների հետ: Ցուցարարները մտադիր են սպասել`մինչեւ նրանք դուրս գան:
Ի դեպ, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ՔԿՀ-ի պետն ասել է, թե ինքը որեւէ դիմում դեռ չի ստացել այն մասին, որ կան դատապարտյալներ, որոնք նախընտրում են բուժումը շարունակել իրենց կողմից նախընտրելի բժիշկների մոտ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ