Օգոստոսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայից հայրենադարձված Նաջարյանների ընտանիքին:
Նախարարը ջերմորեն ողջունեց բարեկեցիկ Կանադայից Հայրենիք գալու և հաստատվելու նրանց որոշումը, հույս հայտնեց, որ նրանք օրինակ կծառայեն բազմաթիվ սփյուռքահայերի: Նա, մասնավորապես ասաց. «Տեղեկանալով Հայաստան տեղափոխված ձեր ընտանիքի մասին՝ ես անչափ ուրախացա, բարով եք եկել, վստահ եմ, որ արդեն վայելել եք տանտիրոջ, երկրի տիրոջ զգացողությունը: Գիտեմ, որ այս հրաշալի որոշման նախաձեռնությունը ձեր զավակներինն է, հատկապես ձեր դուստր Թամարի՝ հայրենիքում որպես կամավոր ծառայելու գաղափարն է շրջադարձային եղել ձեր կյանքում: Ուրախ ենք, որ Թամարն այստեղ ընտանիք է կազմել, և սպասում եք նրա առաջնեկին: Դուք արժանի եք Հայրենիքում կառուցելու ձեր տաք օջախը և վայելելու ընտանեկան երջանկության պտուղները: Ես հիացած եմ ձեր արարքով, որովհետև դուք եկել եք՝ խորապես գիտակցելով, որ հողն ու երկիրը և այնտեղ ապրող ու արարող հայ ընտանիքն է ազգի հավերժության գրավականը: Ինձ համար Հայաստանի անկախության 25-ամյակի լավագույն նվերն էր Հայրենիքում ձեր հաստատվելը»:
Շանթ Նաջարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ասաց, որ, լինելով տնտեսագետ և տեղեկացված լինելով Հայաստանի առավելությունների և խնդիրների մասին, վստահ է, որ կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները և կկայանա որպես մասնագետ, կստեղծի իր գործը՝ նպաստելով երկրի զարգացմանը: «Հպարտ եմ, որ իմ ծնողները մեզ դաստիարակել են իբրև իսկական հայ, և պատահական չէ, որ այսօր մենք եկել ենք դառնալու այս մեծ տան մի մասնիկը: Մեր որոշումը հուզել է մեր շատ ընկերների ու բարեկամների, նրանք սպասելու են մեր կանչին, մեր հաջողված օրինակին, ուրեմն մեր ինքնահաստատումը Հայրենիքում կարևոր է և պարտավորեցնող: Վստահ եմ, որ նրանք բոլորը ևս կկայացնեն այս կարևոր որոշումը և կբռնեն Հայրենիքի ճանապարհը: Իսկ իմ հարսնացուն սպասում է Ամերիկայում, եկող տարի բոլորիդ հրավիրելու եմ մեր հարսանիքին»:
Տեր և տիկին Նաջարյանները ևս իրենց գոհունակությունը հայտնեցին Հայրենիքում հաստատվելու առիթով և վստահեցրին, որ լինելու են ակտիվ, նախաձեռնող ու գործունյա քաղաքացիներ:
Կարդացեք նաև
Քննարկվեցին ընտանիքի մասնագիտական վերապատրաստման, գործարար միջավայրին, օրենքներին ծանոթանալու և հայրենիքում ինտեգրվելու հետ կապված հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարություն