Վրաստանի վարչապետը Ախալքալաք էր ժամանել երեկ կեսօրին` «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից այստեղ առաջադրված մեծամասնական թեկնածուին` Հենզել Մկոյանին տեղացի ընտրողներին ներկայացնելու համար: Ախալքալաքի բնակիչների մի մասը, սակայն, ակնկալում էր, որ իշխող քաղաքական ուժը հոկտեմբերի 8-ին անցկացվելիք ընտրություններում պատգամավորության թեկնածու կառաջադրի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի որդուն` Անդրանիկին:
«Եթե Անդրանիկը չի առաջադրվելու, կարող եք հեռանալ Ախալքալաքից», – դիմելով Վրաստանի վարչապետին՝ ասում էին բորբոքված երիտասարդները:
«Պետք չէ ինձ վերջնագրեր ներկայացնել», – իր հերթին, հակադարձում էր Կվիրիկաշվիլին` ուղղակի բանավեճի մեջ մտնելով ախալքալաքցի երիտասարդների հետ: Պետրոսյանի կողմնակիցները, սակայն, չէին հանդարտվում` թույլ չտալով Հենզել Մկոյանին շարունակել ելույթը:
«Այն, ինչ դուք եք անում, ապակառուցողական մոտեցում է: Եթե մեր թեկնածուն այստեղ կանգնած է, դա արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է: Նախ` ինքներդ ձեզ հարգեք, հետո նաև՝ ուրիշներին», – կրկին ստիպված էր միջամտել Վրաստանի վարչապետը:
Կարդացեք նաև
Ստեղծված կացության գլխավոր պատճառներից մեկը 2015-ին Վրաստանում հաստատված նոր Ընտրական օրենսգիրքն է, որով փոփոխության է ենթարկվել մեծամասնական ընտրատարածքների ողջ աշխարհագրությունը: Եթե նախկինում Նինոծմինդան և Ախալքալաքը մեկական պատգամավոր էին ընտրում, ապա այժմ այս երկու հայաբնակ շրջանները միավորվել են մեկ միասնական ընտրատարածքի կազմում: Իշխող «Վրացական երազանք»-ի ընտրությունն էլ կանգ է առել Նինոծմինդան ներկայացնող Հենզել Մկոյանի վրա, ինչն էլ, իր հերթին, առաջացրել է Ախալքալաքի ամենաազդեցիկ գործիչներից մեկի` նախկին ոստիկանապետ, գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների դժգոհությունը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում