Քիչ առաջ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունեց ՄԻՊ գրասենյակի մոտ հավաքված ցուցարարներին, որոնք պահանջում են, որ դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերվի:
Հիշեցնենք, երեկ փաստաբան Ինեսա Պետրոսյանն ահազանգել էր, որ դատապարտյալների հիվանդանոցում դադարեցվել է «Սասնա ծռերի» անդամների 24 ժամյա բժշկական վերահսկողությունը:
Կարդացեք նաև
Ի պաշտպանություն «Սասնա ծռերի», այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ ակցիայի մասնակիցները բարձրացրեցին դատապարտյալների պատշաճ բուժօգնությանը վերաբերող հարցեր, մասնավորաբար՝ Հովհաննես Հարությունյանի անհապաղ վիրահատության հարցը, 24 -ժամյա բուժսպասարկման ապահովման խնդիրը:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատեց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի բուժօգնություն ստանալ իր նախընտրած բժշկի կողմից, իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Աղավնի Հարությունյանն էլ, որը մասնագիտությամբ բուժքույր է, պատրաստակամություն հայտնեց անձամբ ստանձնել «Սասնա ծռերի» անդամների խնամքը, եթե կադրերի պակաս կա:
Ներկաներից մեկն էլ տեղեկացրեց, որ ստեղծվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամ, որի միջոցներով կարող են հոգալ թանկարժեք վիրահատության ծախսերը:
Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ իր լիազորությունների սահմաններում զբաղվել նշված հարցերով: Թաթոյանը նաեւ խոստացավ, որ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն այսօր էլ կայցելեն դատապարտյալների հիվանդանոց՝ տեղեկանալու հիվանդների պահպանման պայմանների եւ առողջական վիճակի մասին:
Այս պահին ցույցի մասնակիցները երթով շարժվում են դեպի արդարադատության նախարարություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ