ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն տիկին Դեբորա Գրիսերին, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին:
ՀՀ բնապահպանության նախարարը ողջունելով հյուրերին` շնորհավորել է Դեբորա Գրիսերին և փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին իրենց պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում իրականացվելիք իրենց գործունեության մեջ: Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանում USAID-ի ծավալած գործունեության` մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության մակարդակը:
Անդրադառնալով ջրի ազգային պաշարների և մասնավորապես` Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրերի խնայողության և արդյունավետ կառավարման խնդրին` Արամայիս Գրիգորյանը շեշտել է այս ուղղությամբ USAID-ի կողմից արդեն իսկ իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությունը, այդ թվում նաև Հարավային ջրավազանային կառավարման պլանի մշակման գործում գործակալության ցուցաբերած աջակցությունը: Ըստ բնապահպանության նախարարի, դրանք կարևոր նախադրյալներ են հետագա համատեղ աշխատանքներն շարունակելու համար: Այս համատեքստում Արամայիս Գրիգորյանը կարևորել է մեկնարկած «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության»/ԳԱՏՕ/ ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:
Պատվիրակության խնդրանքով Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրի խնայողության ուղղությամբ կատարված աշխատանքը, ինչի արդյունքում հաջողվել է խնայել 1մլրդ 400 մլն մ³ ջուր: Անդրադառնալով ձկնաբուծարանների կողմից ջրի օգտագործման խնդրին` Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ միասին աշխատանքներ են տարվում ընկերություններում ջրի օգտագործման փակ և կիսափակ համակարգերի ներդրման, ինչպես նաև օգտագործված ջուրը հետագայում ոռոգման նպատակով կիրառելու մեխանիզմների ներդրման ուղղությամբ: «Բայց Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրի խնդրի արդյունավետ կարգավորման համար անհրաժեշտություն է ջրի օգտագործման ավտոմատ կառավարման համակարգի ներդրումը: Այս նպատակով արդեն իրականացվել են պիլոտային ծրագրեր, ինչը փաստում է, որ այս միջոցով է հնարավոր լիարժեք կանոնակարգել ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը: Խնդիրն արդիական է հատկապես գլոբալ կլիմայական փոփոխությունների արդյունքում արդեն արձանագրվող անցանկալի հետևանքների համատեքստում»,- հավելել է Արամայիս Գրիգորյանը:
Կարդացեք նաև
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Դեբորա Գրիսերը բարձր է գնահատել USAID-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև առկա համագործակցության մակարդակը, համոզմունք հայտնելով, որ հետագայում նույնպես այն կշարունակվի:
ՀՀ բնապահպանության նախարարը պատվիրակության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև Սևանա լճի խնդիրներին: Նշելով, որ ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում լճի մակարդակը բարձրացնելու նպատակով, Սակայն լիարժեք չեն գործում լճի հարակից տարածքներում ջրի մաքրման կայանները և խնդրեց աջակցել խնդրի լուծման հարցում: Մաքրման կայանների առկայությունը հնարավորություն կտա Սևանա լիճը պահպանել որպես լիարժեք էկոհամակարգ և խմելու ջրի պաշար:
Տիկին Դեբորա Գրիսերը հավաստիացրել է, որ կդիտարկեն հարցը և իրենց սահմանափակ միջոցները կօգտագործեն խնդրի լուծման համար ավելի մեծ ներդրողներ ներգրավելու համար:
USAID-ի հայաստանյան առաքելության տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակել ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցությունը` առավել սերտացնելով այն: Կողմերը կարևորել են ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման գործընթացում Արարատյան արտեզյան ավազանի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության ինտենսիվացումը:
ՀՀ բնապահպանության նախարարություն