«Երբեք որևէ բարձրագույն պաշտոնյա չի խոսել տարածքները զիջելու մասին, խոսվել է միայն փոխզիջումների մասին: Հայաստանը երբեք որևէ փաստաթղթի տակ ստորագրություն չի դրել, որպես այդպիսին, որ պարտավոր է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀ-ում և ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Ըստ նրա, 1994 թվականի զինադադարից հետո մշտապես տարբեր ձեւաչափերով բանակցությունների ժամանակ տարածքային հարց է դրվել. «Եվ դա մեկնաբանվել է այսպես, եթե խոսում են տարածքների զիջման կամ փոխզիջման մասին, ապա դա նշանակում է, որ հայկական կողմը պատրաստ է միակողմանի տարածքներ զիջել, դա իրականության հետ կապ չունի: Գետաշենի, Շահումյանի, Մարտակերտի եւ այլ շրջանները օկուպացված են Ադրբեջանի կողմից, եթե խոսում են տարածքների մասին, ով է ասում, որ դա չի նշանակում, որ պետք է վերադարձվեն Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները»:
Պարոն Իսագուլյանի դիտարկմամբ, միակողմանի զիջումների մասին խոսում են նրանք, ում ձեռնտու է այդ տարածքների հանձնումը. «Ոչ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, ոչ էլ այլ ԼՂ պաշտոնատար անձի ելույթների մեջ տարածքների զիջման մասին խոսք չի գնում, գնում է փոխզիջումների մասին, եւ դժվար է ասել՝ ինչ է նշանակում փոխզիջում»:
Նրա խոսքով, հայկական կողմը նույնպես չի պատրաստվում հող հանձնել. «Անկախ նրանից, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ կարող են պայմանավորվել, ԼՂՀ-ն կարող է հայտարարել, որ Հայաստանը չի արտահայտում ԼՂ տեսակետը»:
Կարդացեք նաև
Տարածքները չհանձնելու միակ լուծումը, ըստ Իսագուլյանի, ԼՂ տնտեսությունը զարգացնելու մեջ է. «Եթե մենք կարողանանք ամեն ինչ ճիշտ կազմակերպել, ապա կարող ենք այդ տարածքները բնակեցնել, եկեք ամեն ինչ սկսենք մեզանից: 125 տարի էլ կխոսեն զիջումներից, փոխզիջումներից, մեզ մնում է միայն տնտեսություն զարգացնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ