Մեդիա կենտրոն, Օգոստոսի 23, Երևան: Վաղը Վերաքննիչ դատարանը կքննի և որոշում կկայացնի՝ Սարի թաղի դեպքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որի համար փաստաբանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Այս առնչությամբ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին մասնակցում էին Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, Անդրիաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը և հանրային գործիչ, դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով:
«Հասկանալի է, որ Անդրիաս Ղուկասյանը նշված հանցագործությունը չի կատարել և այս գործը մյուս սովորական քրեական գործերից տարբերվում են նրանով, որ ըստ էության այս քաղաքական գործիչների գործողությունները եղել են հանրության աչքի առջև: Այսինքն նույնիսկ ուղիղ եթերով հեռարձակում է եղել և բոլորին պարզ է, թե ով ինչ գործողություններ է կատարել, մասնավորապես Սարի թաղում և Ազատության հրապարկից սկսած: Բայց Անդրիաս Ղուկասյանը և մյուս քաղաքական գործիչները մեղադրվում են նրա համար, որ ի սկզբանե Ազատության հրապարկից կոչեր անելով նպատակ են ունեցել հրահրելու զանգվածային անկարգություններ, մասնավորապես անձանց երթով տարել են ոչ թե Խորենացի փողոց, այլ Սարի թաղ և հետագայում էլ որոշակի գործողություններ կատարելով, հանգեցրել են նրան, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ: Ըստ մեղադրանքի՝ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրվել»,-ասում է Սահակյանը:
Կարդացեք նաև
Նա ընդգծում է, որ Սարի թաղում կատարվածը որևէ կերպ չի կարելի համարել զանգվածային անկարգություն:
«Դա եղել է սովորական խաղաղ հավաք, և եղել է միջամտություն ոստիկանների կողմից և անձինք ենթարկվել են դաժան ծեծի, հատուկ միջոցներ է կիրառվել անձանց նկատմամբ, ոչնչացվել է անձանց գույքը, և սրանք գործողություններ են, որոնց համար պետք է պատասխանատու լինի Ոստիկանությունը»,-ասում է Սահակյանը՝ անդրադառնալով հուլիսի 29-ի դեպքերին:
Փաստաբանը՝ Անդրիաս Ղուկասյանին կալանավորելը, որակում է որպես ակնհայտ քաղաքական հետապնդում նրա նկատմամբ:
«Ու դա այն բանի համար, որ Անդրիաս Ղուկասյանը փորձել է ոչ միայն սեփական կարծիք ունենալ, այլև դա արտահայտել: Եվ ցանկացել է պայքարել այլոց իրավունքների համար, նա ուղղակի չի հանդուրժել մարդու իրավունքների խախտումը, փորձել է միջամտել դրան՝ արտահայտելով իր կարծիքը, օգտվելով իր խոսքի ազատությունից և հավաքներին մասնակցելու իրավունքից: Սա ակնհայտ միջամտություն է Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածով նախատեսված խոսքի ազատության և հավաքների ազատության իրավունքին, և մենք հետևողական ենք լինելու, եթե այս հարցը լուծում չստանա ՀՀ-ում, իսկ ես վստահ եմ որ չի ստանալու, Եվրոպական դատարանը ճանաչի այս խախտումը: Իսկ կալանքը միջամտություն է նրա ազատության իրավունքին կոնվենցիայի 5-րդ հոդվածով»,-նշում է Սահակյանը:
Նա հավելում է որ ներկայացված չէ որևէ նյութ և ապացույց, որով կարող են հիմնավորել, որ Անդրիաս Ղուկասյանը կատարել է իրեն վերագրվող հանցագործությունը:
«Ընդհանրապես չի եղել հիմք, որ նրան կալանավորեն, քանի որ չի եղել ռիսկ թաքնվելու: Նրան կալանավորել են իր տան մոտից և որևէ գործողություն, որը կարող էր խոսել նրա մասին, որ նա թաքնվում է քննությունից, չի եղել: Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան, որպեսզի դատարանը ստուգի օրինականությունը նրա կալանավորման և դիմել ենք Վերաքննիչ դատարան՝ վիճարկելու նրա ձերբակալման օրինականությունը, որն ի սկզբանե եղել է անօրինական: Երկու բողոքը մեկ վարույթում է և վաղը կքննվեն Վերաքննիչ դատարանում»,-ասում է փաստաբանը:
Ինչպես հայտնի է, վերջին օրերին միայն երկու քաղաքական գործչի՝ «Ժառանգություն կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցն է փոխվել և գրավի դիմաց նրանց ազատ են արձակել:
Լուսինե Սահակյանը կարծում է, որ նման որոշում Վերաքննիչ դատարանը պետք է կայացնի նաև Անդրիաս Ղուկասյանի համար, քանի որ քաղաքական գործիչների դեպքում մեղադրանքները նույնն են, ուղղակի անուններն են փոխված:
«Սա չեմ համարում լրիվ օրինական լուծում, բայց սա այն լուծումն է, որ անձինք իրենց ազատությունից զրկված չեն լինի և կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել արդեն ազատության մեջ»,-հավելեց Սահակյանը:
Անահիտ Թարխանյանը կարծիք հայտնեց, որ Անդրիաս Ղուկասյանը միանշանակ պետք է ազատ արձակվի:
«Պետք է ազատ արձակվի առանց որևէ գրավի դիմաց, այսինքն պարզապես պետք է հաշվի առնվի նրա անձ լինելը, իր պատշաճ քաղաքացի լինելը: Շատ դժվար է պատկերացնել, որ լինելով մի մարդ, ով երկար տարիներ ղեկավարում է մի կազմակերպություն, որը նախագծում է հուշարձան Ոսկեպարում զոհված ոստիկանների համար, կկազմակերպի զանգվածային անկարգություններ, կամ կփորձի այլ ձևով մոտենալ ոստիկաններին: Դատարանը պետք է հաշվի առնի իր ընդհանուր բնութագիրը, էությունը որպես անձնավորություն, և իր վերջին բոլոր ելույթները, որոնք վկայում են իր սկզբունքային մոտեցման մասին, որոնք բոլորը սահմանադրական և օրենսդրական դաշտի մեջ են: Դա պետք է լինի օրինական որոշում»,-նշեց Թարխանյանը:
Թամար Հովհաննիսյանն էլ առաջադրված մեղադրանքները համարեց կեղծ:
«Դրանք պարզապես թխած են բոլորի համար նույն բառերով, ուղղակի անուններն են փոխած: Դա չի կարող կոչվել արդարադատություն, արդարադատությունը լինում է, երբ հավասարապես երկու կողմերին էլ նայում են, թե ով ինչն է խախտել: Այնտեղ կային անձինք, որոնք ոստիկանի հագուստ չէին կրում, քաղաքացիական հագուստով էին, չգիտես որտեղից էին հայտնվել ու սադրում էին: Անդրիաս Ղուկասյանը այդքան օրենքից հասկացող մարդ լինելով, ո՞նց կարող էր ասել քարերով խփեք ոստիկաններին: Առաջադրված մեղադրանքների մեջ ոչ մի աղերս չկա այն ամենի հետ, ինչ որ քարոզում է և շարունակելու է քարոզել Անդրիաս Ղուկասյանը: Նա շատ լավ գիտի ինչ է քաղաքացիական անհնազանդությունը, շատ լավ գիտի, որ դա քարեր վերցնելը ու ոստիկաններին խփելը չի: Նրանք ազատ պետք է լինեն, որովհետև անմեղ են, և նրանց փոխարեն շատ և շատ հանցագործներ կան, որոնք պետք է լցնեն բանտերը»,-եզրափակեց Հովհաննիսյանը:
Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր/համակարգող